Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը


Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում հարձակման ու ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը:

«Մոտավորապես 9:30-10-ի սահմաններում վերադառնում է տուն: Անցնում էի Մաշտոցի պողոտայի այն մայթով, որտեղ Սայաթ-Նովայի արձանն է… Այդ այգուց ձայն լսեցի` իմ անունով ինչ-որ մեկը կանչեց: Բնականաբար, ես մտածեցի, դա իմ ծանոթ, բարեկամ, ընկերներիցս մեկն է… Մութը ընկնում էր արդեն, թե ընկել էր, ես էլ լավ չեմ տեսնում, մոտեցա, որ տեսնեմ, ով էր կանչողը… ու հանկարծակի սկսվեց [սկսեց հարվածել]», - պատմեց Մելքումյանը: - «Շատ անսպասելի էր… Հարվածում էր ձեռքով, շատ ամրակազմ, սպորտային կազմվածքով մարդ էր: Մոտավորապես քառասունին մոտ, երիտասարդ չէր… Հարվածելիս հայհոյում էր «Ազատություն» ռադիոկայանը եւ մեր հաղորդումները»:

Հրաչի խոսքով, տեսնելու դեպքում կճանաչի հարձակվողին. - «Մի հարված չէր, երեւի մի հինգ րոպե ձգվում էր այդ ծեծկռտուքը… Երբ ես հեռացա, վերադարձա, որ ակնոցս գտնեմ, նա [հարձակվողը] նույն նստարանին նստած, հանգիստ խոսում էր հեռախոսով»:

Հրաչ Մելքումյանը հարձակումը կապում է իր մասնագիտական գործունեության հետ. - «Մասնավորապես այն աշխատանքի, որ ես կատարում եմ այստեղ այս մեկ ամսվա ընթացքում: Դա ես կապում եմ մեր ռադիոկայանի, մեր ծրագրերի եւ մեր հեռարձակումների հետ: Որովհետեւ հենց այդ տղամարդը, հարձակվողը հայհոյում էր «Ազատություն» ռադիոկայանին, մեր հաղորդումներն ու ծրագրերը»:

Հրաչ Մելքումյանը մշտապես աշխատում է «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում: Վերջին մեկ ամիսը երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն է:

Հարձակման կապակցությամբ այսօր հայտարարություն է արել «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը:

«Ակնհայտորեն սա պատահական միջադեպ չէ, այլ դիտավորյալ հարձակում մեր աշխատողների եւ մեր ծրագրերի վրա: Առաջին անգամ է, որ Հայկական ծառայությունը ֆիզիկական հարձակման է ենթարկվում մեր հաղորդումների համար, եւ մենք ակնկալում ենք, որ իշխանությունները մանրակրկտորեն կհետաքննեն եւ իրավիճակից բխող արագությամբ ու լրջությամբ կարձագանքեն այս հարձակմանը», - Ջեֆրի Գեդմինի խոսքերն է փոխանցում այսօր տարածված մամլո հաղորդագրությունը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG