Մատչելիության հղումներ

Վրաստանում այսօր կեսօրին մոտ պայթեցվել է Կասպիի երկաթուղային կամուրջը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլիի պնդմամբ, Թբիլիսիից մոտ 45 կիլոմետր դեպի արեւմուտք` Գորի քաղաքի մերձակայքում գտնվող կամուրջը պայթեցրել են ռուսական զորքերը` Վրաստանի երկաթուղային ցանցը կաթվածահար անելու նպատակով:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ` Վրաստանի արտգործնախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ «այդ ահաբեկչության հետեւանքով խզվել է երկաթուղային կապը Վրաստանի արեւելքի եւ արեւմուտքի միջեւ, ինչպես նաեւ Վրաստանի ծովային նավահանգիստների հետ»:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անատոլի Նոգովիցինը, այդուհանդերձ, հերքել է վրացական կողմի պնդումները` վստահեցնելով. - «Ինչո՞ւ մենք պետք է պայթեցնենք կամուրջներ, երբ մեր գործը դրանք վերականգնելն է»:

Հայ - վրացական գործարար համագործակցության համանախագահ Վլադիմիր Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Վրաստանի տարածքում երկաթուղային կամրջի պայթեցման մասին տեղեկատվությունը:

Փոխանցելով, որ ներկայումս տեղում վերականգնողական աշխատանքներ են կատարվում, Վլադիմիր Բադալյանը հույս հայտնեց, որ դրանք կավարտվեն հնարավորինս շուտ, եւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG