Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը անդրադառնում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստին` գրելով. - «ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ստեփան Մանուկյանի բացատրություններից հետո պարզ դարձավ, որ դրանք [իրեղեն ապացույցները] «բարենպաստ» չեն իշխանությունների համար, քանի որ դրանցից որեւէ մեկի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, որոնցով կապացուցվի, որ Ազատության հրապարակում հայտնաբերված 5 փայտե, 72 մետաղյա ձողերը, 2 ռետինե մահակները, 3 ատրճանակները, «ոզնիները», 2 «մոլոտովյան շշերը» եղել են Ազատության հրապարակում նստացույցի մասնակից մարդկանց ձեռքին եւ ոչ թե՝ ոստիկանների կամ այլ անձինք են դրանք այդտեղ նետել»: Թերթը նկատում է, որ «բոլոր այն տեսաժապավեններում, որոնք 20 օր շարունակ եւ դրանից հետո եւս ցուցադրում էին հեռուստաընկերությունները, չէր երեւում, որ դրանք ցուցարարների ձեռքին են, հիմնականում այդ ատրճանակները, ձողերը եւ «դուբինկաները» իրենց ձեռքում շուռումուռ էին տալիս ոչ թե ցուցարարները, այլ՝ ոստիկանական ծառայության աշխատակիցները»:

«Հայտնաբերված զենքերը գրեթե չունեն ապացուցողական նշանակություն» ընդգծված վերնագրի ներքո «Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. - «Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության եւ ցուցարարների միջեւ Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումից հետո իրավապահ մարմինները հրապարակում եւ նրա մերձակայքում հայտնաբերեցին մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Իրեղեն ապացույցների այդպիսի մեծ քանակությունն, այդուհանդերձ, առայժմ հնարավորություն չի տվել պարզելու, թե ում են պատկանել այդ զենքերը, կոնկրետ ովքեր են պատրաստվել դրանք օգտագործել»:

«Հայք»-ի գնահատմամբ` մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում «ցնցող բացահայտում կատարվեց». -«Ոստիկանության փորձագիտական վարչության պետը հայտարարեց, որ «Ազատության հրապարակից եւ դրա հարակից տարածքներից» առգրավված իրեղեն ապացույցները «ոչ բարենպաստ էին»` դրանց վրա «մատնահետքերի արտատպման առումով»: Ըստ թերթի` «նույնիսկ կոալիցիայի անդամները ընդունեցին ակնհայտ ճշմարտությունը` խաղաղ ցուցարարները երբեք զինված չեն եղել եւ չեն պատրաստվել բռնի գործողություններ իրականացնել»: «Այնպես որ, օր առաջ իրենց արժանի պատիժը պետք է ստանան նրանք, ովքեր հրամայել են ուժ կիրառել խաղաղ ցուցարարների դեմ», - եզրակացնում է «Հայք»-ը:

Նույն թերթում նշված է. - «Մնում է պնդել, որ այդ զենքերը հենց իրենք` ոստիկաններն են գցել հրապարակում` խոտերի ու թփերի տակ, որպեսզի վերագրեն ընդդիմությանը: Այլապես հասկանալի է, թե ինչ կանեին իշխանությունները, եթե հանկարծ ընդդիմադիր որեւէ գործչի կամ ընդդիմության համակիրներից որեւէ մեկի մատնահետքը լիներ այդ զենքերի վրա»:

«Հրապարակ»-ը, տեղեկացնելով, որ իշխանությունը կրկին չի ընդունել օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու իրազեկման հայտը, գրում է. - «Բոլոր նման արգելքները, պարզվել է, ընդամենը ձեւ է, թղթի վրա գրված մերժում, որը հանրահավաքի ժամանակ հաղթահարվում է` հավելյալ ուժ եւ վստահություն հաղորդելով ցուցարարներին: Այնպես որ, ո’չ իրավական, ո’չ բարոյական առումով այդ մերժումները ոչինչ չեն տալիս: Եթե չասենք, որ առավել անհեթեթ ու խախուտ են դարձնում այս իշխանությունների վիճակը: Հանրությանն ապացուցում, որ նրանց շարքերում գեթ մեկ խելացի մարդ չկա, որ հասկանա` այս քայլերը միայն վարկաբեկում են առանց այդ էլ վարկաբեկված իշխանություններին»:

«Հեռավոր Չինաստանում, հասկանալի է, չէին լսվում Ցխինվալիի կամ Գորիի ռմբակոծումների ձայները: Ու այդ թոհուբուհի մեջ դժվար էր վերհիշել, որ Վրաստանով, Փոթի նավահանգստից է Հայաստանը ստանում իր գոյության համար անհրաժեշտ առաջին անհրաժեշտության սննդամթերքը, վառելիքը, եւ շտապել Հայաստան», - գրում է «168 ժամ»-ը, որի կարծիքով` «ՀՀ նախագահին ուղղված մեղադրանքները, թե ինչու էր նա այս օրերին Չինաստանում եւ ոչ մայր հայրենիքում, արդարացված են, սակայն նույնքան հիմնավորված է նաեւ նրա պասիվությունը»: «Որպես կանոն` դա մեր ազգային բարդույթավորվածության կոմպոնենտն է` ավելորդ զգալ մեզ միջազգային կարեւորագույն նախագծերում», - պնդում է մեկնաբանը: Զուգահեռելով, թե ինչպիսի «գրագիտությամբ, նախաձելի պատրաստվածությամբ էին Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները ներկայացնում իրենց երկրների շահերը», թերթը նշում է. - «Երբ հայաստանյան բոլոր մակարդակի ընտրություններում ընտրվում է, որպես կանոն, ոչ այնքան պատրաստված ու ներկայանալի մեկը, երբ կասկածի տակ է դրվում երկրի նախագահի լեգիտիմությունը, շատերս մտածում ենք` ոչինչ, կարեւորը ներքաղաքական լարվածություն չլինի, որեւէ ձեւով չխախտվի մեր անձնական կյանքի ռիթմը: Սակայն, ինչպես տեսանք վերջին դեպքերի ընթացքից, երկրի համար օրհասական, վճռորոշ պահերին երկիրը զգում է ուժեղ, իր ճշմարտացիությանը վստահ ղեկավարի, իրենց գործը պատկերացնող նախարարների ու զինվորականների կարիք, եւ ոչ թե հաստափոր, ոչ գրագետ գեներալների, աշխարհի մասին սեփական առանձնատան պատուհանից պատկերացում կազմող քաղաքական գործիչների անհրաժեշտությունը»:

«Պատերազմի աշխարհաքաղաքական հետեւանքները» ենթավերնագրի ներքո «Առավոտ»-ում նշված է. - «Ռուսական ղեկավարությունը չհասավ իր գլխավոր նպատակին` Սահակաշվիլիի հրաժարականին, Վրաստանում քաղաքական ռեժիմի փոփոխությանը, ՆԱՏՕ-ին անդամակցելու` Վրաստանի մտադրությունից հրաժարվելուն»: «Ավելի շուտ` հակառակը», - գտնում է վերլուծաբանը, - «Վրաստանի ռազմական կորուստներն ավելին են, քան Ռուսաստանինը: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ֆինանսական, արտաքին քաղաքական, բարոյական կորուստները շատ ավելի մեծ են, քան Վրաստանինը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG