Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում առգրավվածը «ոչ բարենպաստ իրեղեն ապացույցներ են»


Ոստիկանության փորձագիտական վարչության պետ Ստեփան Մանուկյանը, ով այսօր հրավիրվել էր մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստին, հայտարարեց, որ մարտի 1-ի առավոտյան «Ազատություն հրապարակից եւ դրա հարակից տարածքներից» առգրավված իրեղեն ապացույցները «ոչ բարենպաստ էին»` դրանց վրա «մատնահետքերի արտատպման առումով»:

Մանուկյանի խոսքով, մարտի 1-ին առգրավվել էր «մեծ քանակությամբ զինամթերքը` երեք ատրճանակ, նռնակներ, մետաղական ձողեր, դանակ, հրավառ հեղուկներով լցված շշեր»:

«Ատրճանակների մակերեսները հետքի արտատպման առումով շատ սահմանափակ են», - բացատրեց Մանուկյանը: - «Նրանց հարթ մակերեսները եւ նրանց տրամաչափերը շատ ավելի փոքր էին, քան կարող էր նրա վրա արտատպվել հետք, որը կարելի էր ընդունել որպես պիտանի մատնահետք հետագա հետազոտության համար»:

Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի հարցին, թե պարզվե՞լ է արդյոք, թե երբ են վերջին անգամ կրակել առգրավված ատրճանակներից, Մանուկյանը պատասխանեց. - «Գիտականորեն հաստատված մեթոդիկայի բացակայության պատճառով այդ հարցին հնարավոր չէ պատասխանել»:

Մանուկյանի խոսքով, հետաքննության մարմինը պետք է որոշի, թե առգրավվածը կարող է դիտվել որպես իսկապես իրեղեն ապացույց:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, նշելով, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ տվյալներ էին ստացել, թե Ազատության հրապարակում կա «հսկայական քանակությամբ զենք-զինամթերք», շարունակեց. - «Օպերացիայից հետո, ըստ էության, չկա ապացույց, որ դա որեւէ մեկինն է: Եվ երկրորդ, դրանք եղել են գազոնային, հարակից, ոստիկաններին մոտ տարածքում»:

Նիստից հետո Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսօրվա նիստում փորձագիտական աշխատանքների ներկայացումը «ապացուցում է այն մտայնությունը, որ հատկապես ոստիկանության գործողություններում կան անհամաչափության դրսեւորումներ»:

«Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է», - հավելեց դաշնակցական պատգամավորը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG