Մատչելիության հղումներ

«ժառանգություն» խմբակցությունից ԿԸՀ-ի անդամը առաջարկում է իրավապահ մարմիններին կանխել հնարավոր ընտրախախտումները


Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) «Ժառանգության» նորանշանակ անդամ Հովսեփ Խուրշուդյանը բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, իսկ նամակի պատճեններն ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին` առաջարկելով կանխել Արաբկիրի համայանքապետի ընտրություններում հնարավոր խախտումները:

Նամակում, մասնավորապես ասված է. - «Վերջին շրջանում «Ժառանգություն» կուսակցության գրասենյակ այցելող մի շարք քաղաքացիներ ահազանգ են հնչեցրել Արաբկիրի համայնքի ղեկավարի հավանական թեկնածու Ալբերտ Երիցյանի կողմից սկսված զանգվածային ընտրակաշառքների տարածման կապակցությամբ` քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման հիման վրա»:

«Բացի դրանից», - ասված է հաղորդագրությունում, - «Ժառանգություն» կուսակցության գրասենյակ այցելած տարբեր քաղաքացիներ հայտնել են մեզ, որ համայնքի` Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների ղեկավարությունը` աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել է այդ հիմնարկներում աշխատող արաբկիրցիներին ապահովել Ալբերտ Երիցյանի օգտին ընտրողների որոշակի քանակություն, որի վերաբերյալ ներկայացնել համապատասխան ցուցակներ` անձնագրային տվյալներով: Հաշվի առնելով այն, որ վերը նշված երկու դեպքերն էլ ընտրական օրենսգրքի քրեորեն պատժելի կոպիտ խախտումներ են, ինչպես նաեւ այն, որ ընտրակաշառքներով եւ վարչական ճնշումների միջոցով ձեւավավորված իշխանությունը ուղղակի սպառնալիք է` ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ մեր երկրում հասարակական կարգի դեմ, խնդրում ենք կիրառել Ձեր իրավասության տակ գտնվող անհրաժեշտ բոլոր միջոցները` կանխելու համար նախընտրական փուլում, ինչպեսեւ դրան նախորդող ժամանակաշրջանում ընտրողների վրա վարչական ճնշման դեպքերը, ընտրակաշառքների տարածումը, այլ ընտրախախտումները, բացահայտել եւ պատժել դրանք իրականացնող անձանց»:

Արաբկիր համայնքի ղեկավարի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG