Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը:

Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ ողջունել առկա կառուցողական դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Նշվել է, որ ռազմական ճանապարհով առկա խնդիրների լուծման փորձերը հղի են ողբերգական հետեւանքներով: Նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Վրաստանը` բարեկամ երկիր, հետեւաբար, Հայաստանը մեծապես շահագրգռված է խնդրի շուտափույթ խաղաղ կարգավորմամբ: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի` «մարդասիրական միջանցք» հանդիսանալու պատրաստակամությունը եւ շեշտել, որ Հայաստանը նաեւ ինքն է պատրաստ կողմերին մարդասիրական օժանդակություն ցուցաբերել:

Նիստում քննության են առնվել ստեղծված իրավիճակում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, անդրադարձ է կատարվել Հայաստան ներկրվող բեռների ամբողջ ծավալով եւ անխափան մատակարարման խնդիրներին, զեկուցվել է տարբեր ուղղություններով տարվող աշխատանքների ընթացքի մասին, հանձնարարականներ են տրվել ինչպես առկա խնդիրների լուծման արդյունավետության բարձրացման, այնպես էլ երկարաժամկետ ինստիտուցիոնալ միջոցառումների ուղղությամբ:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված` նախագահը հանձնարարել է Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների տարանցիկ ուղեւորությունների համար ժամանակավորապես սահմանել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG