Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը հարկ չի համարում ԱՊՀ-ի երկրներին խնդրել սատարել իրեն»


Ռուսաստանը հարկ չի համարում արհեստականորեն խնդրել ԱՊՀ-ի երկրներին` սատարել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցում իր դիրքորոշումը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հասկանում ենք, որ ԱՊՀ-ի երկրները ցանկանում են բնականոն հարաբերություններ ունենալ արտաքին աշխարհի, հատկապես ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ», - ասել է Լավրովը` «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով ԱՊՀ-ի երկրների դիրքորոշումը, որոնք ձեռնպահ մնացին Հարավային Օսիայում եւ Աբխազիայում վերջին իրադարձություններին գնահատական տալուց:

«Մենք գնահատում ենք մեր գործընկերների նորմալ, անաչառ դիրքորոշումը», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` հավելելով. - «Ես չեմ ուզում նրանց քշել ինչ-որ նիստերի դահլիճ, որպեսզի նրանք գնահատականներ տան: Պետք չէ ինչ-որ մեկին արհեստականորեն խնդրել աջակցել Ռուսաստանին»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Լավրովը հայտնել է նաեւ, որ չնայած ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու մասին երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությանը` ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում պաշտոնական փաստաթղթեր առայժմ չեն ստացվել:

«Առանձնապես չէի վերլուծի այդ իրավիճակը: Ամենը, ինչ անում է Սահակաշվիլին, ուղղված է բացառապես իր քաղաքական գոյատեւմանը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG