Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ի առաջին էջում ընդգծված է. - «Մինչեւ երեկ վրաց-ռուսական հակամարտության առնչությամբ Հայաստանն ըստ էության չեզոք դիրքորոշում էր պահպանում, ինչը տվյալ իրավիճակում ամենաարդարացված մոտեցումն էր: Սակայն երեկ այդ չեզոքությունը խախտվեց: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Հարավային Օսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների արդյունքում խաղաղ բնակչության, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների եւ ռուս խաղաղապահների շրջանում տեղ գտած մեծաթիվ զոհերի կապակցությամբ»: Մեկնաբանը շեշտադրում է. - «Հասկանալի է, որ խնդիրը ոչ թե Մեդվեդեւին ցավակցելն է, այլ միայն Մեդվեդեւին ցավակցելը: Եվ եթե մինչեւ երեկ պահպանվող չեզոքության հիմնավորումն այն էր, որ պատերազմում են մեր ռազմավարական հարեւանն ու ռազմավարական գործընկերը, ապա անհրաժեշտ էր ցավակցել նաեւ վրաց ժողովրդին: Միայն դա կարող էր ընդունելի լինել ե’ւ քաղաքականության, ե’ւ հումանիզմի տեսանկյունից, քանի որ, ինչպես հայտնի է, նույն Հարավային Օսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների արդյունքում զոհվել է ոչ միայն ազգությամբ ռուս, այլեւ վրացի խաղաղ բնակչություն, եւ, վստահաբար, հայ ժողովուրդը, ում անունից Մեդվեդեւին ցավակցություն է հղվել, հավասարապես ցավում է ինչպես ռուս, այնպես էլ վրացի զոհվածների համար»:

«Հայկական ժամանակ»-ը եւս արձագանքելով Սարգսյան - Մեդվեդեւ հեռախոսազրույցին` եզրակացնում է. - «Սա նշանակում է, որ Հայաստանը ռուս-վրացական պատերազմում բոլորովին էլ չեզոք դիրքորոշում չունի եւ ակնհայտորեն աջակցում է ռուսական կողմին»:

«Կարելի է վստահորեն ասել, որ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա հարձակումը վերջինը չէ. իշխանության քրեականացված օղակները շարունակելու են այս գործելաոճը», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը` նշելով, որ իր վստահության պատճառը ավելի քան պարզ է. - «Հայաստանի նորագույն պատմության մեջ նման ոչ մի դեպք չի բացահայտվել… «Քննությամբ չի հաջողվել պարզել»: Չի էլ հաջողվի… Որովհետեւ ծեծողները եւ «պարզողները» մի թիմից են, մի «կանտորայից» են ղեկավարվում. օլիգարխների եւ պաշտոնյաների «սափրագլուխ» թիկնապահները, ոստիկանության «օպերները» եւ նրանց ղեկավարները, քննիչները, դատախազները եւ դատավորները ոչ միայն իրար հոգեհարազատ են մշակույթով, աշխարհընկալմամբ եւ ապրելակերպով, այլեւ միեւնույն օրգանիզմի մասերն են եւ իրար հետ կապված են բազմաթիվ թելերով»:

Անդրադառնալով վրացի հայտնի դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեի քայլին, որը Վլադիմիր Պուտինին վերադարձրեց Ռուսաստանի կառավարության կողմից իրեն շնորհված Բարեկամության շքանշանը, «Հրապարակ»-ը գրում է. - «Մեզանում նման քայլ արեց Սիլվա Կապուտիկյանը, որն իր կյանքի մայրամուտին ետ վերադարձրեց պետական պարգեւները` ի նշան բողոքի ընդդեմ 2004-ի ապրիլի 12-ի դեպքերի: Իրական մտավորականը, այո, պետք է ընդունակ լինի ինքն իրեն զրկել տաքուկ անկյունից, բարեկեցիկ կյանքից, պետք է կարողանա կտրուկ եւ երբեմն անգամ ոչ միանշանակ քայլեր անել, որ իր արածով ցնցի իշխանությանն ու հանրությանը: Նրանց հիշեցնի, որ կենցաղից ու հարմարավետ կյանքից բացի կան նաեւ այլ արժեքներ. ասենք, քո նմանին զորավիգ լինելը, խեղճին, թույլին, տուժածին օգնության հասնելը, դառը ճշմարտություն ասելը եւ իշխանական կերակրատաշտից հրաժարվելը: Բայց մեզանում քանի՞սն են հասկանում, որ դեպի ազատություն, արդարություն առաջընթաց ճանապարհը նման զրկանքների միջով է անցնում»:

«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ երեկ 4 տարվա բացակայությունից հետո երեկ Երեւան է վերադարձել տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը: Թերթը հիշեցնում է. - «Նա հետախուզվում էր Միշա Խուդավերդյանի` ոչ անհայտ «Կծան Միշայի» ցուցմունքների վրա հարուցված քրեական գործով: Նրան մեղադրում էին պետական գործիչների սպանության նախապատրաստության մեջ. իբր Կծան Միշայի միջոցով նա պլանավորել է Հանրապետության նախագահի (այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի), պաշտպանության նախարարի (Սերժ Սարգսյանի), Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի, գործարար Գագիկ Ծառուկյանի եւ այլ բարձրաստիճան անձանց սպանությունը»: Օդանավակայանում Էդուարդ Մադաթյանը «Հրապարակ»-ի թղթակցին ասել է. - «Եկել եմ, որ ճիշտը բացահայտեմ: Ես եմ խնդրել, ես եմ դիմել, որ ինձ թույլ տան վերադառնալ: Իմ նկատմամբ օրենքի խախտում է տեղի ունեցել, մարդու իրավունքների ոտնահարում է եղել: Հիմա հետախուզումը հանված է: Դիմել եմ դատախազին, որ թույլ տան մասնակցելու գործի քննությանը, որ ճշմարտությունը բացահայտվի… Ի սկզբանե հենց քաղաքական հետապնդում է եղել»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Մադաթյանը Երեւան է գալիս մասնակցելու օգոստոսի վերջին կայանալիք` իր աղջկա եւ Էրեբունու թաղապետ «Թոխմախի Մհերի» տղայի հարսանիքին: Ըստ թերթի աղբյուրների, հենց «Թոխմախի Մհերն է գառանտ կանգնել Խուճուճ Էդոյի համար, եւ վերջինիս Հայաստան հրավիրելով, ասել է` դու արխային արի, քեզ մատով կպնող չի լինելու»:

Ազգային ժողովի արտահերթ նիստին ընդառաջ «Առավոտ»-ը գրում է. - «Շտապողականությունը երեւում է անգամ անզեն աչքով: Մնում է, որ բադենբադեններում, բուլղարիաներում, պեկիններում, մոսկվաներում եւ գլոբուսի այլ անկյուններում «սեւացող» պատգամավորներին նույն շտապողականությամբ լուր ուղարկեն, թե հարկավոր է թողնել ամեն ինչ եւ վերադառնալ հայրենիք՝ արտահերթ մի քանի կոճակ սեղմելու կարիք կա»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG