Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը մնաց թիվ 17 ընտրատարածքում պատգամավորության միակ թեկնածուն


Այսօր` ինքնաբացարկի համար սահմանված ժամկետի վերջին օրը, թիվ 17 ընտրատարածքում [Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանը] պատգամավորության թեկնածու Գրիշա Վիրաբյանը հանել է իր թեկնածությունը: Օգոստոսի 24-ին` Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների օրը, արտաշատցիները կգնան ընտրելու միակ թեկնածուին:

Անկուսակցական Վիրաբյանը ինքնաբացարկի հիմնական պատճառ է նշում ընդդիմության կողմից աջակցություն չստանալու հանգամանքը:

«Քաղաքական աջակցության տակ ես հասկանում էի, որ ընդդիմությունը կապահովեր մարդկային ռեսուրսով` առնվազն մի 60 հոգի, որպեսզի ես 44 տեղամասում ձայները կարողանայի պահել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վիրաբյանը:

Թիվ 17 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին, երբ Հենրիկ Աբրահամյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից:

Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար սկզբում առաջադրվել էր երեք թեկնածու` նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի եղբայրը` նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Հովիկ Աբրահամյանը, անկուսակցականներ Գրիշա Վիրաբյանը եւ Հրանտ Խաչատրյանը:

«Սահմանդրական իրավունք» միության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը պատգամավորական աթոռի համար պայքարից հրաժարվել էր դեռ հուլիսին, իսկ Գրիշա Վիրաբյանը այդ մասին հայտարարեց այսօր:

Վիրաբյան ասում է, որ ինքնաբացարկը որոշակի բողոքի ակցիա է նաեւ ընդդիմության դեմ. - «Ես ավելին ասեմ` ինձ համար այս պահին ավելի բարոյական գտնվեց իշխանությունը, քան ընդդիմությունը, որովհետեւ իշխանությունը ինձ ճանաչեց որպես հակառակորդ. գոնե փորձեցին ինձ հետ հանդիպել, խոսել… Իսկ ընդդիմությունը` բացարձակապես ոչ… Դա չի նշանակում, որ իշխանությունը ինձ հետ լեզու է գտել»:

Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել Գրիշա Վիրաբյանի ինքնաբացարկը:

Գրիշա Վիրաբյանը, մինչդեռ, ասում է, որ չնայած համաժողովրդական շարժումը «ճակատագրական պահին իրեն մենակ է թողել», ինքը շարունակելու է պաշտպանել ընդդիմության գաղափարները:

«Իմ հայացքները չեն փոխվում. ես ընդդիմության բոլոր պահանջները պաշտպանում եմ, պահանջում եմ ազատ արձակել քաղկալանավորներին… եւ նստել գործնական երկխոսության», - ասաց նա:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG