Մատչելիության հղումներ

Եվրամիության արտգործնախարարները քննարկում են իրավիճակը Վրաստանում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովն այսօր հայտարարել է, թե Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կարգավիճակի շուրջ միջազգային քննարկումներ սկսելու հարցը շարունակում է մնալ օրակարգում, թեեւ այն երեկ Վրաստանի նախագահի պահանջով հանվել էր խնդրի կարգավորման հիմնական դրույթներն ամրագրող փաստաթղթից:

«Այդ դրույթը կարող է տարընթերցումների առիթ դառնալ, այդ թվում` Վրաստանի տարածքային ամբողջականության շուրջ», - պարզաբանել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ հավելել. - «Մենք Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում երբեք փոխզիջման չենք գնա»:

Կողմերի միջեւ համաձայնեցված փաստաթուղթը, ըստ այդմ, նախատեսում է հրադադարի կնքում, մինչեւ օգոստոսի 6-ը առկա ստատուս քվոյի վերականգնում, մարդասիրական օգնության տրամադրում: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ մինչեւ խնդրի կարգավորման երկարաժամկետ ծրագրի մշակումը ռուս խաղաղապահները շարունակելու են մնալ վրաց - օսական հակամարտության գոտում, իսկ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կայունության եւ անվտանգության հարցը դառնալու է միջազգային քննարկման առարկա:

Այն, մասնավորապես, այժմ քննարկվում է Բրյուսելում` Եվրամիության արտգործնախարարների նիստում: Եվրոպական ընտանիքի մի մասը պահանջում է կոշտ դիրքորոշում որդեգրել եւ խստորեն դատապարտել Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը: Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբանդը, մասնավորապես, հայտարարել է, թե Եվրամիությունը պետք է «Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններից հետո վերանայի պաշտոնական Մոսկվայի հետ իր հարաբերությունները»:

Lիտվայի արտգործնախարար Պետրաս Վայտյեկունասը պնդել է, թե եվրոպական ընտանիքը պետք է «որոշակի հետեւություններ անի Ռուսաստանի կողմից անընդունելի ու անհամարժեք ուժի գործադրումից»:

Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելն էլ հայտարարել է, թե կառույցի նոր անդամները, որոնք Ռուսաստանի հետ փոխազդեցության փորձ ունեն, պահանջում են Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: «Հուսով եմ, որ Եվրամիության ներկայացուցիչներին կհաջողվի համաձայնության գալ այս հարցի շուրջ, թեեւ, ամենայն հավանականությամբ, սպասվում են բավական բարդ քննարկումներ», - ասել է Ռուպելը «Ռոյթերզ»-ին:

Մինչդեռ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պնդել է, թե այս պահին ավելի հրատապ են իրավիճակի կայունացմանն ուղղված քննարկումները: «Կարծում եմ` անիմաստ է ժամանակ կորցնել կատարվածի պատասխանատուների եւ խնդրի թեժացման հիմքերի շուրջ երկարատեւ քննարկումների վրա: Կարելի է կոշտ եւ միակողմանի հայտարարություններով հանդես գալ, բայց կարելի է նաեւ նայել ապագային եւ իրական դեր ստանձնել իրավիճակի կայունացման գործընթացում», - ասել է Շտայնմայերը:

Ի թիվս այլ հարցերի` Եվրամիության արտգործնախարարի կողմից այժմ քննարկվում է նաեւ հակամարտության գոտի եվրոպական ընտանիքից խաղաղարար ուժեր ուղարկելու հնարավորությունը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG