Մատչելիության հղումներ

Վրաստանը եւս համաձայնություն տվեց Եվրամիության ծրագրին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ ուշ երեկոյան հայտարարել է ռուս - վրացական հակամարտությանը վերջ տալու Եվրամիության խաղաղ ծրագրին համաձայնություն տալու մասին:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ Թբիլիսիում կայացած բանակցությունների ավարտին Սահակաշվիլին թղթակիցներին ասել է, որ «պետք է հրադադար լինի»:

Երեքշաբթի օրը ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նույնպես հավանություն էր տվել Եվրամիության ծրագրին, որով ռուսական եւ վրացական զորքերին կոչ է արվում հետ քաշվել իրենց նախնական դիրքերը:

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ապագա կարգավիճակի շուրջ բանակցություններին անդրադարձը հանվել է փաստաթղթից` Ռուսաստանի եւ Վրաստանի համաձայնությամբ:

Որոշ վիճահարույց դրույթներ, այդ թվում` Հարավային Օսիայում եւ Աբխազիայում ռուս խաղաղապահների ներկայությանը վերաբերող, մնացել են փաստաթղթում:

Այդուհանդերձ, Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանը թույլ չի տա որեւէ խաղաղ համաձայնագրով կասկածի տակ առնել իր տարածքային ամբողջականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG