Մատչելիության հղումներ

Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Բարաք Օբաման սեպտեմբերին կհրապարակի իր երրորդ գիրքը: Այն կկոչվի` «Փոփոխություններ, որոնց կարելի է հավատալ. Ամերիկային տրված խոստումների իրականացման Բարաք Օբամայի ծրագիրը»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` գիրքը, որը, ըստ էության, Օբամայի նախընտրական ծրագիրն է, սեպտեմբերի 9-ին կհայտնվի գրախանութներում` 300 հազար տպաքանակով: Գրքի միջոցով նախագահի դեմոկրատ թեկնածուն պատրաստվում է ընտրողի հետ զրուցել առողջապահության, էներգետիկայի եւ ազգային անվտանգության թեմաներով: Գրքում ընդգրկված կլինեն նաեւ Օբամայի ամենահայտնի ելույթներից հատվածներ, այդ թվում` եվրոպական վերջին շրջագայության ընթացքում նրա բեռլինյան ճառը:

Գիրքը կարժենա 13 դոլար 95 սենթ: Նախատեսվում է, որ վաճառքից ստացված գումարները կօգտագործվեն բարեգործական նպատակներով:

1995 թվականին Բարաք Օբաման հրապարակել է ինքնակենսագրական` «Հորիցս ժառանգած երազանքներ» գիրքը, որտեղ նա պատմում է իր նախնիների հայրենիք` Քենիա կատարած այցելության մասին: Թե ինչպես է առաջին անգամ թմրանյութ օգտագործել, նաեւ` ինչպես է դպրոցում պայքարել ռասայական խտրականության դեմ: Այս գրքի աուդիոտարբերակը «Գրեմի»-ի է արժանացել:

Օբամայի երկրորդ` «Երազանքի քաջությունը» գիրքը, քաղաքական թեմաներով է. դրանում նա ներկայացնում է իր մտորումները, թե, իր կարծիքով, ինչպիսին պետք է լինի ամերիկյան ժամանակակից քաղաքականությունը:

Ամերիկացիների համար նախկին նախագահների եւ նախագահի թեկնածուների ստեղծագործությունները բավական մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Այսպես, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի «Իմ կյանքը» գիրքը եւ նախկին փոխնախագահ ու նախագահի նախկին թեկնածու Ալ Գորի «Անհարմար ճշմարտությունը» մինչեւ այժմ էլ մեծ պահանջարկ ունեն գրախանութներում:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG