Մատչելիության հղումներ

logo-print
Ռուս - վրացական հակամարտությանը զուգահեռ` իսկական պատերազմ է ծավալվել նաեւ Ինտերնետում: Եթե Հարավային Օսիայում լայնամաշտաբ ռազմական գործողությունների առաջին օրը` օգոստոսի 8-ին հաքերական հարձակման ենթարկվեցին մի շարք օսական կայքէջեր, ապա հանգստյան օրերին ծավալուն հարձակման թիրախ դարձան վրացական կայքերը:

Անհասանելի էին վրացական տեղեկատվական գրեթե բոլոր կայքէջերը, մի քանի օր շարունակ չէին գործում Վրաստանի պաշտոնական տեսակետն արտահայտող այնպիսի ինտերնետ-ռեսուրսներ, ինչպես, օրինակ, նախագահի, խորհրդարանի, արտգործնախարարության պաշտոնական կայքէջերը: Վրացական ինտերնետի կաթվածահար վիճակը, ըստ վերլուծաբանների, ռուս հաքերների գործողության արդյունքն էր:

Շվեդական «ԲայթՍեկ» ընկերությունը ներկայացնող Ջոել Էրիքսոնի կարծիքով` ռուս հաքերները օգտագործում են կայքէջերը շարքից հանելու մի քանի մեթոդ. - «Շատ հաճախ նրանք արդեն իսկ հաքերական հարձակման արդյունքում վերահսկելի դարձած բազմաթիվ համակարգիչների ցանցի օգնությամբ շարքից հանում են այս կամ այն կայքէջը` մեծածավալ տեղեկատվություն ուղարկելով այդ հասցեին, արդյունքում` տվյալ էջը շատ արագ դադարում է գործել: Սա շատ պարզունակ մեթոդ է, որը կիրառում են քրեական շրջանակները` առեւտրային ընկերությունները շանտաժի ենթարկելու կամ էլ այսպես կոչված «հատուցման գործողություններ» իրականացնելու ժամանակ»: Ըստ Էրիկսոնի` սա այն տակտիկան է, որը ռուս հաքերները օգտագործեցին 2007 թվականի գարնանը, երբ ռուս - էստոնական հարաբերությունների սրման պահին հարձակման ենթարկվեց Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքը:

Վրաստանի դեպքում, ըստ փորձագետի, մեկ այլ մեթոդ եւս կիրառվել է` հարձակման են ենթարկվել վրացական կայքէջերը սպասարկող սերվերները:

Ինտերնետ անվտանգության խնդիրներով զբաղվող Յարտ Արմինի փոխանցմամբ` ռուսական առավել հայտնի հաքերական խումբը այսպես կոչված «Ռուսական բիզնես ցանցն» է, որի հիմնական «մասնագիտացումը» մարդկանց անհատական տվյալների գողությունն է: Արմինը նշում է, որ անցած շաբաթավերջին կարողացել է հստակ ֆիքսել, թե ինչպես են ռուս հաքերները լիակատար արգելափակման ենթարկել վրացական մի շարք պաշտոնական կայքէջեր` նախագահինը, արտգործնախարարությանը. - «Փոխարենը` այս ռեսուրսների կողմից թողարկվող ամբողջ ինֆորմացիան ուղարկվում էր Թուրքիայում եւ Ռուսաստանում գրանցված սերվերներին, որոնք էլ վերահսկվում էին հաքերների կողմից»:

Իսկ ինչպե՞ս է հնարավոր կանխել հաքերական նման հարձակումները` այս հարցի պատասխանը եվրոպացի մասնագետները չունեն: Ջոել Էրիկսոնի խոսքով` «նույնիսկ ամենապաշտպանված ինտերնետ համակարգերը թույլ տեղեր ունեն, որոնք էլ հենց դառնում են հաքերների հարձակման թիրախը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG