Մատչելիության հղումներ

Գուրգեն Սարգսյան. «Վերջին իրադարձությունները չեն ազդել Հայաստանի բեռնափոխադրումների ծավալների վրա»


Վերջին օրերին հայաստանյան շուկայում որոշ ապրանքատեսակների, այդ թվում` վառելիքի եւ սննդամթերքի սպառման ծավալների կտրուկ աճը որեւէ հիմք չունի, քանի որ Հարավային Օսիայում իրադարձությունների հետ կապված «փոքր խոչընդոտները» որեւէ կերպ չեն ազդել Հայաստանի բեռնափոխադրումների ծավալների վրա: Նման հայտարարությամբ երեկ կայացած ճեպազրույցում հանդես եկավ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

«Բեռնափոխադրումները երկաթուղու միջոցով իրականացվում են կանոնավոր կերպով: Երկաթգիծը ոչ մի րոպե չի կանգնել, բոլոր օրերին աշխատել է, փոխադրվել են ե’ւ ուղեւորները, ե’ւ բեռները, եւ այսօրվա դրությամբ արդեն 60 վագոն տարբեր տեսակի ապրանքներ` գիշերը ժամը 2:00-ից, ներմուծվել են Հայաստան», - ասաց նախարարը` հավելելով. - «Այսօր մենք Վրաստանում ունենք ընդամենը 18 վագոն ցորեն, որը գտնվում է ճանապարհին»:

Նախարարի հավաստմամբ` վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստները կանոնավոր աշխատում են, բեռնաթափվում են լաստանավերը, եւ առանց դադարի գործող երկաթուղով բեռները տեղափոխվում են Հայաստան. - «Փոթիում իրականացվում է եւս մեկ ցորենի վագոնի բեռնաթափում, եւ մենք որեւէ տեղեկություն չունենք պրոբլեմների հետ կապված: Այսինքն` ամեն ինչ նորմալ է»:

«Լաստանավերի երթուղիների հետ կապված որեւէ խնդիր չունենք մենք: Համենայն դեպս, մեզ փոխադրողներն էլ չեն տեղեկացրել: Այսինքն` այն, ինչ հասնում է Փոթի, բոլորը տեղափոխվում է վագոններով Հայաստան: Ճանապարհները վտանգավոր չեն, երկաթուղին ամբողջովին ապահով է, եւ որեւէ խնդիրներ մենք այդ առումով չունենք», - վստահեցրեց Գուրգեն Սարգսյանը:

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Փոթիի նավահանգիստը ռուսական ավիացիայի կողմից ռմբակոծությունից հետո 3-4 օր չի գործել, իսկ դա, նրա հավաստմամբ, նշանակում է, որ Հայաստանը չի ստացել շուրջ 250 բեռնարկղ բեռ:

Երեքշաբթի օրը Երեւանի բենզալցակայաններում բենզինը վաճառվում էր սահմանափակ քանակությամբ` յուրաքանչյուր գնորդին մինչեւ 10 լիտր: Ներմուծող ընկերությունները դա բացատրում էին նրանով, որ Վրաստանում պատերազմ է, եւ բեռները տեղ չեն հասնում: Տրանսպորտի եւ կապի նախարարը անհիմն համարեց այդ պնդումը. - «Այդ բոլոր գործողությունները արհեստական են: Բնական քանակից ավելի են սկսել սպառել մեր հայրենակիցները, որի համար, այդ խուճապի համար որեւէ հիմքեր չկան»:

«Վառելանյութի մասով` մենք ունենք բավարար ծավալի պաշարներ հանրապետությունում, եւ այս պահին նույնպես ներմուծումը իրականացվում է: Մենք այսօր չունենք վառելիքով բեռնված որեւէ վագոն, որը չի ներմուծվել Հայաստան», - հայտարարեց Գուրգեն Սարգսյանը:

Մինչդեռ, վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց նախարարի հայտարարությունը` շեշտելով, թե խափանումներ իրոք եղել են, իսկ վագոններ չկան, քանի որ կուտակված վառելիքը պահվում է Բաթումիի նավթային տերմինալում:

«Եղել են խափանումներ` կապված մատակարարումների հետ, մոտավորապես 4-5 օր կան խափանումներ` Վրաստանից բեռներ չէին տեղափոխվում, բայց գիշերվա դրությամբ մենք ստացել ենք 10 վագոն բենզին», - ասաց Էլչյանը: - «Մենք ունենք բավական քանակությամբ վառելիք Վրաստանում` պահեստավորված Բաթումիի նավահանգստի տերմինալում»:

Ինչ վերաբերում է բենզինի վաճառքի սահմանափակումներին, ապա, ըստ Մուշեղ Էլչյանի, «միակ սահմանափակումը, որ կա` մենք ոչ մի տարա չենք լիցքավորում»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG