Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանը որոշում է ընդունել դուրս գալ Անկախ պետությունների համագործակցությունից: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր Թբիլիսիում` խորհրդարանի շենքի մոտ կայացած հանրահավաքում:

«Վրաստանը որոշել է դուրս գալ ԱՊՀ-ից: Մենք վերջնականապես պետք է հրաժեշտ տանք Սովետական Միությանը: Սովետմիությունն այստեղ այլեւս երբեք չի վերադառնա», - ասել է Սահակաշվիլին` Ուկրաինային եւ մյուս երկրներին եւս կոչ անելով դուրս գալ ԱՊՀ-ից:
Սահակաշվիլին «Վրաստանի վրա հարձակման» մեջ մեղադրել է Ռուսաստանի վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Նրանք թանկ կվճարեն դրա դիմաց: Վրաստանը երբեք ծնկի չի գա, Վրաստանը երբեք չի հանձնվի», - հայտարարել է նա:

«Մենք որոշել ենք Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղակայված ռուսական զորքը հռչակել օկուպացիոն զորք: Մենք նաեւ որոշել ենք հրաժարվել Ռուսաստանի խաղաղապահ մանդատից եւ Աբխազիան ու Հարավային Օսիան հռչակել Վրաստանի օկուպացված տարածքներ», - ասել է Սահակաշվիլին:

Նա երկրի ընդդիմությանը կոչ է արել մոռանալ անցյալի տարաձայնությունները եւ երկրի համար ծանր շրջանում միասնականություն ցուցաբերել: «[Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս վտարանդի] Իրակլի Օքրուաշվիլին զանգահարել է ինձ եւ ասել, որ մեզ հետ է», - վստահեցրել է Սահակաշվիլին:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG