Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ»


Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով` վստահեցրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Դեսպանը փաստել է, որ վրացական եւ ադրբեջանական լրատվամիջոցների վերջերս տարածած տեղեկությունը, թե Վրաստանի վրա հարձակումներն իրականացրել են Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայի ինքնաթիռները, չի համապատասխանում իրականությանը:

Նախարարը իր խորին ցավակցությունն է փոխանցել դեսպանին` վերջին իրադարձությունների անմեղ զոհերի կապակցությամբ, եւ հույս է հայտնել, որ ուղիներ կգտնվեն Վրաստանում իրադրությունը կարգավորելու ուղղությամբ:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի հաղորդագրության համաձայն` Ռեւազ Գաչեչիլաձեն Սեյրան Օհանյանին է ներկայացրել նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են օգոստոսի 18-22-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանում անցկացվելիք «Ռուբեժ - 2008» զորավարժության երրորդ եւ չորրորդ փուլերին, որին Վրաստանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG