Մատչելիության հղումներ

Բուշը Ռուսաստանին խորհուրդ է տալիս փոխել Վրաստանի նկատմամբ որդեգրած ուղեգիծը


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեկ Ռուսաստանին խորհուրդ է տվել փոխել Վրաստանի նկատմամբ որդեգրած ուղեգիծը` զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են վտանգվել Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունները:

«Ռուսաստանի կառավարությունը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ռուսաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց որդեգրած ուղեգիծը եւ ստորագրեն խաղաղ համաձայնագիր` որպես հակամարտության կարգավորմանն ուղղված առաջին քայլ», - հայտարարել է Բուշը` Պեկինից վերադառնալուց հետո ելույթ ունենալով Սպիտակ տանը:

ԱՄՆ-ի նախագահը անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ ռուսական զորքերը դուրս են եկել հակամարտության գոտու շրջանակներից, հարձակման են ենթարկում վրացական Գորի քաղաքը եւ սպառնում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին: Ըստ նրա, կան «հավաստի տեղեկություններ», որ ռուսական զինված ուժերը ծրագրել են ռմբակոծել Վրաստանի մայրաքաղաքի մոտակա քաղաքացիական օդանավակայանը: Նման քայլը, զգուշացրել է Բուշը, կհանգեցնի հակամարտության «դրամատիկ եւ արյունահեղ» շիկացման եւ կհակասի Միացյալ Նահանգներին Ռուսաստանի տված հավաստիացումներին, թե ռուսական կողմը շահագրգռված է միայն օգոստոսի 6-ին մարտական գործողությունների սկսվելուց առաջ Հարավային Օսիայի շուրջ առկա ստատուս քվոյի վերականգնմամբ:
Միացյալ Նահանգների նախագահը նաեւ կասկած է հայտնել, որ Ռուսաստանի նպատակը Վրաստանի օրինական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականն է. - «Ռուսաստանը ներխուժել է հարեւան ինքնիշխան պետության տարածք եւ սպառնում է ժողովրդի կողմից ընտրված ժողովրդավարական իշխանություններին: Այսպիսի գործողությունները անընդունելի են 21-րդ դարում»:

Ըստ Բուշի, եթե Ռուսաստանը չի ուզում խնդիրներ ունենալ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ, ապա պետք է անհապաղ դադարեցնի մարտական գործողությունները եւ ստորագրի հակամարտության խաղաղ կարգավորման` միջնորդ երկրների առաջարկած ծրագիրը:

«Այս շաբաթ Ռուսաստանի գործողությունները լուրջ հարցեր բարձրացրեցին Վրաստանում եւ տարածաշրջանում նրա մտադրությունների մասին: Այդ գործողությունները էականորեն վնասեցին աշխարհում Ռուսաստանի ունեցած դիրքերը: Եվ այդ գործողությունները վտանգում են Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունները», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Ֆրանսիայի առաջարկած ծրագիրը, որը երեկ ստորագրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ենթադրում է անհապաղ հրադադարի հաստատում, հակամարտության գոտուց զինված ուժերի դուրսբերում, օգոստոսի 6-ի դրությամբ առկա ստատուս քվոյի վերականգնում, ուժ չկիրառելու մասին համաձայնագրի ստորագրում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG