Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը հրահանգել է դադարեցնել ռազմական գործողությունները Վրաստանի դեմ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր հրահանգել է դադարեցնել ռազմական գործողությունները Վրաստանի դեմ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի եւ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդեւը հայտարարել է, որ որոշում է ընդունել Հարավային Օսիայում «խաղաղության հարկադրելու գործողությունը» դադարեցնելու մասին: Նա նշել է, որ որոշումն ընդունվել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների զեկույցի հիման վրա:

Դմիտրի Մեդվեդեւը ասել է նաեւ, թե իր ունեցած տեղեկություններով` «ագրեսորը պատժվել եւ շատ զգալի կորուստներ է կրել», իսկ նրա զինված ուժերը կազմալուծված են:

Մեդվեդեւի խոսքերով` ռուսաստանյան խաղաղապահ զորախմբերը տվյալ գործողությունում իրենց լավագույնս են դրսեւորել: Նախագահը պաշտպանության նախարարության ղեկավարությանը խնդրել է պատրաստել այն անձանց ցուցակը, ովքեր այդ գործողության արդյունքներով արժանի են պետական պարգեւների ներկայացվելու:

Միաժամանակ, Մեդվեդեւը ռուսաստանցի զինծառայողներին հրահանգել է Հարավային Օսիայում բռնության օջախների ի հայտ գալու դեպքում «դիմադրողներին ոչնչացնելու» որոշում ընդունել:

Գլխավոր շտաբի ներկայացուցիչները, իրենց հերթին, ընդգծել են, թե կրակի դադարեցումը չի նշանակում, որ Հարավային Օսիայում չպետք է անցկացվեն այլ բնույթի ռազմական գործողություններ, օրինակ` հետախուզական:

Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անատոլի Նոգովիցինը այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե հրադադարի խախտման դեպքում վրացական կողմը համարժեք պատասխան կստանա ռուսական զորքերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG