Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը ողջունում է Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը


Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր ուժը` Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «ժառանգություն» կուսակցությունը ողջունել է Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը:

«Արժանվույնս գնահատելով» Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման «անցած ուղին եւ դերակատարումը Հայաստանում քաղաքացիական գիտակցության արթնացման, համակարգափոխության այլընտրանք առաջարկելու եւ այդ ուղղությամբ հասարակությանն առաջնորդելու գործում», «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է այդ շարժման հանրակարգային հանգրվանը հանդիսացող Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) հռչակումը», - ասված է կուսակցության վարչության` այսօր տարածած հայտարարությունում:

«Ժառանգություն»-ը «կարեւորում է Հանրապետության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված ընդդիմադիր ուժերի գործողությունների համակարգվածությունը, փոխլրացումը եւ դրանց վերաբերյալ փոխադարձ տեղեկացվածությունը, հայտարարում է ՀԱԿ-ի հռչակած նպատակների ձեռքբերման գործում իր գործընկերային մասնակցության պատրաստակամությունը` «Ժառանգություն» կուսակցության որդեգրած սկզբունքների եւ նպատակների շրջանակներում, իր պատրաստակամությունն է հայտնում` ՀԱԿ-ի ծրագրային եւ աշխատակարգային փաստաթղթերի ընդունումից առաջ եւ/կամ հետո քննարկել նրա հետ մասնակցության, համագործակցության եւ/կամ գործընկերության բոլոր հնարավոր ձեւերը»:

Հայ ազգային կոնգրեսի ստեղծման հռչակագիրը շուրջ մեկուկես տասնյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ստորագրել էին Համաժողովրդական շարժման վերջին հանրահավաքում` օգոստոսի 1-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG