Մատչելիության հղումներ

Վրաստանի հետ փաստացի պատերազմի չորրորդ օրը ռուսաստանյան բանակը լիովին վերահսկում է Հարավային Օսիայի մայրաքաղաքը, շարունակում է ռմբակոծել Վրաստանի ռազմական օբյեկտները եւ ամրապնդում է դիրքերը Աբխազիայում:

Այդ մասին հայտարարում են պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցիչները` պնդելով, թե այսօր վաղ առավոտյան Վրաստանի օդային տարածք են ներխուժել շուրջ հինգ տասնյակ ռուսական օդանավեր, որոնք ռմբակոծել են Թբիլիսիի մոտակայքում գտնվող Կոջորիի ռազմական բազան եւ ռադարային կայանը:

Փոխադարձ մեղադրանքներով է հանդես գալիս նաեւ ռուսական կողմը. պաշտոնական աղյուրների հաղորդմամբ, չնայած Ցխինվալից զորքերը դուրս բերելու եւ խնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծելու մասին հավաստիացումներին` վրացական կողմն այս գիշեր շարունակել է Հարավային Օսիայի գնդակոծումը: Չճանաչված հանրապետության կառավարության հաղորդմամբ, այդ հարձակումների արդյունքում զոհվել է 3 ռուս խաղարար, եւս 18-ը վիրավորվել են:

Մինչ այդ սրվում է իրավիճակը Աբխազիայում. վերջին օրերի ընթացքում Ռուսաստանից հավելյալ 9000 զինվոր ու 350 զրահամեքենա ստացած պաշտոնական Սուխումին այսօր առավոտյան վերջնագիր է ներկայացրել Կոդորի կիրճը վերահսկող վրացական զորքերին եւ կոչ արել վայր դնել զենքը: «Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ուժ կիրառել», - հայտարարել է Աբխազիայի պաշտպանության նախարարը եւ հավելել. - «Կոդորի կիրճը Աբխազիայինն է, եւ մենք կձեռնակենք բոլոր հնարավոր միջոցները` այն պաշտոնական Սուխումի իրավասության տակ առնելու համար»:

Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ պաշտոնական Մոսկվան` հայտարարելով, թե ամրապնդում է խաղաղարար ուժերը Աբխազիայում` Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու եւ իրավիճակի հետագա թեժացումից խուսափելու համար:

Թբիլիսին, սակայն, հայտարարում է, թե մտադիր չէ հետեւել վերջնագրին: «Այն ի կատար չի ածվելու», - այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը` պնդելով, որ ռուս խաղաղապահներին տրված մանդատով վրացական զորքերի զինաթափում նախատեսված չէ:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG