Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ մինչեւ ուշ երեկո շարունակված նիստում կրկին որեւէ բանաձեւ կամ հայտարարություն չընդունեց Հարավային Օսիայում պատերազմական իրավիճակի շուրջ:

Ռուսաստանի գործողությունները սուր քննադատության ենթարկեց հատկապես Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Զալմայ Խալիզադը. - «Կոչ եմ անում Ռուսաստանի Դաշնությանը լրջորեն մտածել ինքնիշխան եւ ժողովրդավարական Վրաստանի դեմ ագրեսիայի հետեւանքների մասին: Ռուսաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության հետ կտուժեն Վրաստանի դեմ հարձակումների հետեւանքով եւ կխանգարեն այս հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հայտարարեց, թե Ռուսաստանի իշխանությունները որդեգրել են ահաբեկչության քաղաքականություն: Ավելին` ելույթում նա նաեւ կասկած հայտնեց, թե Ռուսաստանը այսպիսով նպատակ ունի իշխանափոխություն իրականացնել Վրաստանում եւ պաշտոնանկ անել Միխեիլ Սահակաշվիլիին:

Նրա ելույթը հաջորդեց Վրաստանը ներկայացնող Իրաքլի Ալասանիայի այն հայտարարություններին, թե Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում բանակցել Վրաստանի ղեկավարների հետ: Ալասանիայի պնդմամբ, անցած գիշեր Միխեիլ Սահակաշվիլին փորձել է կապվել Մեդվեդեւի հետ, սակայն վերջինս հրաժարվել է զրույցից:

Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հակադարձեց. - «Իսկ ո՞ր բարեկիրթ մարդը նրա հետ հիմա կզրուցի: Մենք տարիներ շարունակ նրան բացատրում ենք, որ հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման ցանկացած փորձ ինքնասպանություն կլինի Վրաստանի համար: Ի՞նչ գնահատական կարելի է տալ Վրաստանի այսօրվա գործողություններին` էթնիկ զտո՞ւմ... Եթե մի քանի օրվա ընթացքում 120 հազար բնակիչների քառորդ մասը փախչում է, դա էթնիկ զտո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե մի քանի օրում 120 հազարից երկու հազարը զոհվում է, մի՞թե դա ցեղասպանություն չէ»:

Նա նշեց, որ Ռուսաստանը միայն մեկ դեպքում պատրաստ է բանակցությունների նստել. - «Վրաստանը պետք է հեռանա Հարավային Օսիայի տարածքից եւ պատրաստակամություն հայտնի ստորագրել ռազմական գործողությունները բացառելու մասին համաձայնագիր»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG