Մատչելիության հղումներ

«Այս պատերազմում ո’չ Ռուսաստանը եւ ո’չ էլ Վրաստանը չեն կարող իրենց հաղթող հռչակել»


Մոսկվացի անկախ վերլուծաբաները փորձում են ամփոփել ռուս-վրացական հակամարտության առաջին արդյունքները: Նրանց գլխավոր եզրակացությունը մեկն է` այս պատերազմում ո’չ Ռուսաստանը եւ ո’չ էլ Վրաստանը չեն կարող իրենց հաղթող հռչակել:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում քաղաքագետ Յուլիա Lատինինան խորհուրդ էր տալիս հարցը դիտարկել նախեւառաջ ներքաղաքական պայքարի տեսանկյունից. - «Ռազմական գործողություններին` Ռուսաստանի միջամտության փաստն իսկ վկայում է որ [Ռուսաստանի] իշխանության ներսում գործող ուժայինների խմբավորումը հաղթող դուրս եկավ ներքաղաքական պայքարում: Եթե երկրորդ չեչենական պատերազմի արդյունքը Պուտինի իշխանության գալն էր, ապա առաջին վրացական պատերազմը ի ցույց դրեց այն իրողությունը, որ երկիրը նախկինի պես ղեկավարում է Պուտինը»:

Lատինինայի խոսքով, ռազմական գործողությունները կարող են որոշակի հետեւանքներ ունենալ նաեւ Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքական դիրքերի վրա. - «Եթե վրացական ուժերը վերջնականապես լքեն Ցխինվալին, ապա դա Սահակաշվիլիի պարտությունը կլինի: Եթե պարզվի, որ այդ քաղաքը հենց այնպես հիմնահատակ ավերեցին, դա միանշանակ պարտություն կնշանակի»:

Մեկնաբան Վալերի Պորտնիկովի կարծիքով, Միխեիլ Սահակաշվիլին իր գործողություններում կարծես փորձում է նմանակել Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, ազգագրագետ Սերգեյ Հարությունովի խոսքով, «Վրաստանն այսօր Հարավային Օսիայում անում է նույնը, ինչ Ռուսաստանը Չեչնիայում էր անում 1994 թվականից ի վեր»:

«Այնպես որ, Վրաստանի գործողությունները կարող են դատապարտել միայն այն մարդիկ, ովքեր հետեւողականորեն քննադատում էին Ռուսաստանի քաղաքականությունը Չեչնիայում», - հայտարարում է Հարությունովը` անդրադառնալով ռուսական մամուլում եւ քաղաքական շրջանակներում ծավալված հակավրացական քարոզչությանը:

«Վրեմյա Նովոստեյ» թերթի մեկնաբան Իվան Սուխովի համոզմամբ, վերջին իրադարձությունները չեն կարող չազդել Սահակաշվիլիի եւ Արեւմուտքի հարաբերությունների վրա:

«Այս ամենը, ի վերջո, կանդրադառնա Վրաստանի նախագահի եւ նրա արեւմտյան հովանավորների հարաբերությունների վրա: Եթե վերջին ներքաղաքական ճգնաժամից Սահակաշվիլին կարողացավ հաջողությամբ դուրս գալ` առանց լուրջ կորուստների, ապա այժմ իրավիճակն այլ է: Կարծում եմ, որ Սահակաշվիլիի դիրքորոշումը այնքան էլ հասկանալի չէ Արեւմուտքին: Վրաստանի իշխանությունները տարիներ շարունակ նշում էին, որ հարցի ռազմական լուծման հակառակորդն են: Եվ եթե նույնիսկ պատերազմական գործողությունների սկիզբը հարավօսական կողմի սադրանքի արդյունք էր, միեւնույն է, սա լուրջ քաղաքական սխալ էր Միխեիլ Սահակաշվիլիի կողմից»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG