Մատչելիության հղումներ

Երեկվա տվյալներով, միայն Բաթումիից եւ Կոբուլեթիից մոտ 1200 ՀՀ քաղաքացի է տեղափոխվել Հայաստան` Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Այդ թիվը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հնչեցրեց Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հակոբ Հաջի-Հակոբյանը:

Գլխավոր հյուպատոսը զրույցում ասաց նաեւ, որ չի կարող բացառել Բաթումիի ռմբակոծման հնարավորությունը: Նրա խոսքով, Վրաստանում պատերազմական իրավիճակ է, եւ իրենց պարտականությունն է կազմակերպել Հայաստանի քաղաքացիների անվտանգ տեղափոխումը:

Հայաստան վերադարձողները «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե իրենք մտավախություն ուեն, որ Բաթումիի նավահանգիստը նույնպես կարող է ռմբակոծության թիրախ դառնալ, ուստի գերադասում են վերադառնալ հայրենիք:

Կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ, ովքեր որոշել են կիսատ չթողնել հանգիստը: Հակոբ Հաջի-Հակոբյանը նշեց, որ չունի տվյալներ, թե քանի ՀՀ քաղաքացի է այս պահին գտնվում Բաթումիում ու հարակից շրջաններում:

Ընդհանուր առմամբ, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, կիրակի օրվա տվյալնելով, կազմակերպվել է ավելի քան 3500 Հայաստանի քաղաքացիների վերադարձը Հայաստան:

Հայաստանի աջակցությամբ Երեւան են տեղափոխվել նաեւ հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ եւ նրանց ընտանիքների անդամներ:


Ռուզաննա Ստեփանյան, Բաթումի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG