Մատչելիության հղումներ

Վրաստանում ռազմական դրություն հայտարարվեց


Վրաստանի խորհրդարանը այսօր հավանություն է տվել երկրում 15 օրով ռազմական դրություն հայտարարելու մասին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագրին:

Հրամանագրով հայտարարվում է պահեստազորայինների զորահավաք, իսկ կառավարական հիմնարկներին հրահանգվում է աշխատել շուրջօրյա:

Սահակաշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վրաստանի տարածքում «լայնամասշտաբ ռազմական ներխուժում» եւ Հարավային Օսիայում «էթնիկ զտման» արշավ սկսելու մեջ:

«Հարավային Օսիա մտած ռուսաստանյան զորքերը, ռուսաստանյան տանկերը իրենց ճանապահին դուրս են մղում Հարավային Օսիայի ամբողջ վրաց բնակչությանը: Առավոտվա դրությամբ, նրանք էթնիկ զտում են իրականացրել Հարավային Օսիայում իրենց վերահսկած բոլոր շրջաններում», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Սահակաշվիլին ռուսաստանյան ուժերին մեղադրել է միտումնավոր կերպով Վրաստանի ամբողջ տարածքում քաղաքացիական օբյեկտները, այդ թվում հիվանդանոցները եւ բնակելի շենքերը գնդակոծելու մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այսօր Պեկինում հայտարարել է, թե «խորապես մտահոգված է» Հարավային Օսիայում իրավիճակով, եւ անհապաղ հրադադարի կոչ է արել:

«Վրաստանը ինքնիշխան պետություն է, եւ նրա տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Մենք բռնություններն անհապաղ դադարեցնելու կոչ ենք արել: Մենք ռուսական կողմին կոչ ենք անում դադարեցնել ռմբակոծությունները, իսկ կողմերին` վերադառնալ օգոստոսի 6-ի դրությամբ ստատուս-քվոյին», - ասել է Բուշը եւ տեղեկացրել, թե Միացյալ Նահանգները գործընկերների հետ աշխատում է միջազգային միջնորդական ջանքեր ձեռնարկելու ուղղությամբ:

Քիչ առաջ Վրաստանի մեկ այլ անջատողական տարածաշրջանի` Աբխազիայի արտգործնախարարությունը հայտարարել է վրացիների կողմից վերահսկվող Կոդորի կիրճում մարտական գործողություն սկսելու մասին:


(Ռմբակոծված Գորին, լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG