Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ» օրաթերթը, իր խմբագրականում անդրադառնալով վրաց - օսական հակամարտության վերջին զարգացումներին եւ Հայաստանի իշխանությունների պաշտոնական արձագանքին, գրում է. - «Երբ հարեւանի տունը կռիվ է ընկնում, հնարավոր չէ մի կողմ քաշվել ու անհաղորդ դիտորդի կեցվածքով հետեւել դեպքերի ընթացքին»: «Իսկ ի՞նչ դիրք ենք բռնել մենք` վրացիների անմիջական հարեւաններս», - հարց է տալիս հեղինակն ու պատասխանում. - «Մենք, ինչպես միշտ, մեր «մեծ եղբոր»` Ռուսաստանի կողքին ենք ու նրա «ֆորպոստի» դերի մեջ»: «Այս անհեռատես ու վտանգավոր պահվածքը դրսեւորվել է մեր ԱԳՆ-ի խուսափողական հայտարարությամբ», - պնդում է խմբագրականի հեղինակը` ավելացնելով. - «Նման քաղաքականությունը հղի է անկանխատեսելի հետեւանքներով»:

«Հակահայկակա՞ն, թե՞ հայապահպան», - հարցնում է «Հայոց Աշխարհ»-ը իր խմբագրականում ու մեկնաբանում. - «Վերջին ժամանակներս մեր երկրի ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ բարձրացնել հայ - թուրքական սահմանի փակ լինելու հարցը, համարելով դա հակահայկական քաղաքականության դրսեւորում, անհասկանալի ու վրդովեցուցիչ փաստ։ Իսկ մեզ թվում է, որ Թուրքիան դրանով, հակառակը, հայապահպան քաղաքականություն է վարում»։ «Ինչո՞ւ է թուրքերի այս դիրքորոշումը հայապահպան», - նորից հարցնում է հոդվածագիրն ու պարզաբանում. - «Որովհետեւ թուրքերը սկզբունքային հետեւողականությամբ թույլ չեն տալիս եւ արգելում են մեզ մոռանալ, թե մենք ով ենք։ Եթե նույնիսկ մենք բոլորս վերջնականապես տխմարանանք եւ սկսենք համարել, թե թուրքերը մեր թշնամին չեն, իրենք՝ թուրքերը, մեզ թույլ չեն տա մոռանալ, որ մենք ենք իրենց թշնամին։ Հայրենի իշխանությունները թուրքի հետ բարեկամաբար հարաբերվելու ոչ մի նախապայման չեն դնում։ Իսկ սկզբունքային ու հետեւողական թուրքը դնում է: Ստացվում է, որ թուրքը մեզ հայ է պահում, ստիպում է հայ մնալ»։ «Եվ դա առայժմ ոչ թե վատ է, այլ լավ։ Սահմանը լավ բան է, լավ է, որ թուրքը դեռ սահմանազատում է իրեն մեզանից», - եզրահանգել է խմբագրականի հեղինակը:

«Առավոտ»-ի խմբագրի սյունակը կազմված է հոդվածագրին հոգեհարազատ հեղինակներից մեջբերումներից եւ դրանց համահունչ գնահատականներից: Առաջին մեջբերումը. - «Երբ մարդն անդամակցում է որեւէ միաբանության կամ օթյակի, կամ էլ «համախոհների կուսակցության», անխուսափելիորեն վտանգ է առաջանում, որ նա այլեւս կդադարի ինքն իրեն ադեկվատ լինելուց»: Իսկ խմբագրականի հեղինակի մեկնաբանությամբ` «եթե առաջնորդվում ես քո խմբի, թայֆայի, ակումբի, կուսակցության, աղանդի պարտադրված կանոններով, ապա հայտնվում ես Պերճ Զեյթունցյանի վիպակի հերոսի կարգավիճակում` նայում ես հայելուն ու, կոպիտ ասած, ինքդ քեզ չես ճանաչում: Էլ ու՞ր մնաց ադեկվատ գնահատես քո ճանաչած մարդկանց»: Այս համատեքստում մեկ այլ մեջբերում Ավետիս Հարությունյանի տարիներ առաջ գրած հոդվածից. - «Իսկ դուք ուզում եք օրենսդրական դաշտ բերել ծտի սիրտ ունեցող գրպանահատներին, մարդկանց չուլաններից ղաուրմա ու թթու «առգրավող» նախկին թաղայիններին ու գաստրոնոմի եկամուտներով ձրի հավ ու ձու տուն տանող ՕԲԽՍ-ի նախկին օպերներին»: «Գուցե ղաուրման ու թթուն չափից դուրս կենցաղային կատեգորիաներ են` համեմատած ազգի փրկության, համաշխարհային հեղափոխության եւ համընդհանուր երջանկության տաճար կերտելու վսեմ գաղափարների հետ», - հարց է տալիս թերթի խմբագիրն ու հենց այդ տեսանկյունից կատարում վերջին մեջբերումը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 97 թվականի մամուլի ասուլիսից. - «Դա մեծապես կախված է նաեւ ձեզանից, կախված է մամուլից, կախված է մեր հասարակությունից, կախված է մեր մտավորականությունից: Որքա՞ն կարելի է հանդուրժել հեղափոխականությունը, բռնության կոչերը եւ բռնության փաստերը: Ես չեմ տեսնում, որ մեր հասարակությունն իր համար գոնե ինչ-որ իմունիտետ է ստեղծում նման անցանկալի զարգացումներից խուսափելու համար»: «Ես էլ չեմ տեսնում», - արձագանքում է խմբագրականի հեղինակը` հիմնավորելով. - «Իմունիտետ ստեղծելու իմ փորձերը արժանանում են շահագրգիռ կողմերի` հեղափոխականների եւ հակահեղափոխականների, «կարմիրների» եւ «սպիտակների» ակնհայտ դժգոհությանը»:

Համաժողովրդական շարժման կենտրոնի արտաքին քաղաքականության համակարգող Վլադիմիր Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի էջերում կանխատեսում է, թե «ի՞նչ է սպասվում Հայաստանին սեպտեմբերին, եթե մինչ այդ չկատարվեն քաղբանտարկյալների ազատման եւ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող անկախ հանձնաժողովի ստեղծման պահանջները». - «Միանշանակ կարելի է պնդել, որ այն առաջարկություններն ու հանձնարարականները, որոնք կներկայացնեն ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը եւ ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը սեպտեմբերին իրենց զեկույցներում, ընդունվելու են հանձնաժողովի կողմից եւ բանաձեւի տեսքով ներկայացվելու են սեպտեմբերի 29-ին մեկնարկող ԵԽԽՎ-ի նստաշրջանում: Զեկույցները լինելու են նախորդներից ավելի ազդեցիկ եւ ունենալու են համարժեք հետեւանքներ»: Իսկ «եթե իշխանությունները համառեն պահանջների կատարման հարցում, ԵԽԽՎ-ի որեւէ պատգամավորի կամ պաշտոնյայի համար այլեւս որեւէ պատրանք չի լինելու, որ ՀՀ իշխանությունները պարզապես ցանկանում են ժամանակ շահել` անազատության մեջ պատանդ պահելով ընդդիմության ներկայացուցիչներին», - եզրահանգում է հոդվածագիրը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG