Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայում կատաղի մարտերը շարունակվում են


Հարավային Օսիայում այսօր շարունակվում են կատաղի մարտերը:
Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար Վլադիմիր Բոլդիրեւը առավոտյան հայտարարել է, որ իրենք «ամբողջովին ազատագրել են» Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալին եւ քաղաքից դուրս են մղել վրացական զորքերը: Այդ տեղեկատվությունը անկախ աղբյուրները առայժմ չեն հաստատել:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում հանդիպել է երկրի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ եւ հայտարարել, որ ռուսաստանցի խաղաղապահները եւ նրանց ենթակա զորամիավորումները «վրացական կողմին խաղաղություն պարտադրելու գործողություն են իրականացնում»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վկայությամբ, մինչ այժմ մարտական գործողությունների հետեւանքով զոհվել է շուրջ 1500 մարդ: Ըստ պաշտոնական Մոսկվայի` Հարավային Օսիայի ավելի քան 30 հազար բնակիչներ կամ տարածաշրջանի բնակչության կեսը ռազմական գործողությունների թատերաբեմից հեռացել են Ռուսաստան:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ Անատոլի Նոգովիցինը Մոսկվայում կայացած ճեպազրույցում հաստատել է, որ ռուսական կողմը երկու ռազմական օդանավ է կորցրել` միաժամանակ, չճշտելով դրանց խփվելու վայրը եւ ժամանակը:

Վրաց պաշտոնյաների հավաստմամբ` ռուսաստանյան օդանավերը ռմբակոծել են Վրաստանի սեւծովյան Փոթի նավահանգիստը եւ երկրի տարածքում այլ թիրախներ, այդ թվում Գորի քաղաքը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այսօր դիմելու է խորհրդարան` երկրում ռազմական դրություն մտցնելու հարցով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկ կայացած արտահերթ նիստում Ռուսաստանի եւ Վրաստանի պատվիրակները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել` հակամարտության սրման համար պատասխանատվությունը դնելով հակառակ կողմի վրա: Անվտանգության խորհուրդը չի կարողացել որեւէ հայտարարություն ընդունել, եւ ակնկալվում է բանակցությունները շարունակել այսօր:

ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հանդես է եկել հայտարարությամբ` Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել օդային եւ հրթիռային հարձակումները եւ Վրաստանի տարածքից դուրս բերել մարտական ստորաբաժանումները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ այսօրվա ժամը 12:30-ի դրությամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:

Այսօր Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել է 150 Հայաստանի քաղաքացիների վերադարձը հայրենիք: Ավտոբուսների շարասյունը ուղեկցվում է Վրաստանի ոստիկանության կողմից:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունում սահմանվել է հերթապահություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG