Մատչելիության հղումներ

Հայաստանն իր խիստ մտահոգությունն է հնչեցնում Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով


«Հայաստանը խիստ մտահոգված է Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով, եւ հույս է հայտնում, որ կողմերը ջանքեր կգործադրեն երկխոսության միջոցով վիճելի հարցերին շուտափույթ խաղաղ լուծում տալու համար, ինչը թույլ կտա վերականգնել կայունությունն ու խաղաղությունը մեր հարեւան երկրում», - ասված է Հայաստանի արտգործնախարարության` երեկ տարածած հայտարարությունում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը հավելեց. - «Ուշի-ուշով հետեւում ենք ընթացքին: Հանձնարարականներ են տրված մեր դեսպանությանը Վրաստանում եւ Բաթումիում գլխավոր հյուպատոսությանը, քանի որ այնտեղ ունենք նաեւ հանգստացող քաղաքացիներ, որ առավելագույն աջակցություն ցույց տան»:

Արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է նաեւ, որ «Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները hայրենիք վերադառնալու ցանկության դեպքում մեր դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության կողմից անհրաժեշտ աջակցություն կստանան», տրված են Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարները` + 99532.964286 եւ + 995.222.31515:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան մեկնաբանելով վրաստանյան որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ըստ նախնական տեղեկությունների` երեկ Վազիանիի ռազմակայանը ռմբակոծած ինքնաթիռը «Վրաստանի տարածք է մտել Հայաստանից», ասաց. - «Հայաստանի տարածքում, մասնավորապես 102-րդ բազայում, ռմբակոծող ավիացիա Ռուսաստանը չունի»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG