Մատչելիության հղումներ

Lրատվական գործակալություններից մի քանիսը` վկայակոչելով պաշտոնական Թբիլիսիին մոտ կանգնած աղբյուրները, տեղեկացնում են, որ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիի 60 տոկոսը արդեն գտնվում է վրացական ուժերի հսկողության ներքո:

Ըստ վրացական աղբյուրների` այժմ փողոցային մարտեր են ընթանում Ցխինվալիի կենտրոնում, քաղաքում լուրջ ավերածություններ կան, զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում:

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Կախա Lոմայան 14 ժամ առաջ մեկնարկած հարձակման անհրաժեշտությունը այսօր այսպես է բացատրել. - «Նախագահ Սահակաշվիլիի կողմից հռչակված միակողմանի հրադարարին անջատողականները պատասխանեցին վրացական Թամարաշենի եւ Պրիսի գյուղերի հրետակոծությամբ: Տեղի խաղաղ բնակչության շրջանում տուժածներ կան»:

Հարավային Օսիայում ստեղծված վիճակը անցած գիշեր շտապ կարգով քննարկել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` այդպես էլ որեւէ հստակ որոշում չկայացնելով: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նիստի ժամանակ ամերիկյան կողմին մեղադրել է Վրաստանի գործողությունները չդատապարտելու համար` հավելելով, թե «վերջին իրադարձությունների ֆոնին Վրաստանի ղեկավարությունը այլեւս վստահություն չի ներշնչում որպես բանակցային գործընթացի պատասխանատու մասնակից»:

Վերջին տեղեկությունների համաձայն` Հարավային Օսիայի բնակիչների անունից չճանաչված հանրապետության մամուլի եւ տեղեկատվության կոմիտեն դիմել է Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով օգնության ձեռք մեկնել: «Մի մոռացեք, որ մեր հանրապետության բնակչության 90 տոկոսը Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի», - ասված է կոչ-դիմումում:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, մինչդեռ, հայտարարել է, որ արտերկրից Ռուսաստանի քաղաքացիների տարհանումը կազմակերպվում է միայն արտգործնախարարության հետ համաձայնեցնելուց հետո եւ երկրի բարձագույն ղեկավարության հրահանգի հիման վրա: «Նման հրահանգ մենք դեռ չենք ստացել», - հայտարարել է նախարարության պաշտոնյաներից մեկը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG