Մատչելիության հղումներ

«Չորրորդ իշխանության» խմբագրակազմը պատրաստվում է դիմել դատախազություն


«Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրակազմը պատրաստվում է դիմել Երեւանի Կենտրոն համայնքի դատախազին` պահանջելու քրեական պատասխանատվության ենթարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանին: Թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը չորեքշաբթի օրը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ իր աշխատանքային պարտականությունները կատարելիս ենթարկվել էր բռնության:

«Լրագրողները երբեւէ որեւէ մեկ այլ դատավորի հետ խնդիր չեն ունեցել», - «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասաց թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը: - «Սա միակ դեպքն է, որ ոչ միայն լրագրողները, այլեւ փաստաբանները, ազգականները, բոլորը խնդիր ունեն այդ մարդու հետ: Նա չի կարողանում տիրապետել դատական պրոցեսին կամ միտումնավոր է դա անում, որպեսզի խափանի դատական պրոցեսը»:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է «միարժեք իրավական-քաղաքական գնահատական տալ կատարվածին, վերջ տալ լրագրողների հետապնդման այս «նորելուկ» ձեւին»:

Գոհար Վեզիրյանը, մինչդեռ, երեկ Դատաբժշկական հանրապետական կենտրոնում փորձաքննության է ենթարկվել:

«Մանրամասն նկարագրվեց բազուկների շրջանում արյան զեղման փաստերը, ինչպես նաեւ ծնկների շրջանում վնասվածքները: Բոլորը արձանագրված է», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց լրագրողը:

Չորեքշաբթի օրը Ազգային ժողովի պատգամավորներ, մարտի 1-2- իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը գնացել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան եւ Կենտրոնի ոստիկանություն` պարզելու, թե ինչ հիմքով է լրագրողը տարվել ոստիկանություն եւ ինչ ընթացակարգ է նախատեսվում:

«Մեզ ներկայացրեցին դատական կարգադրիչների ծառայության արձանագրությունը, որով լրագրողը արգելանքի է վերցվել ըստ օրենսգրքի պահանջների եւ նույն օրենսգրքով նախատեսված կարգի շրջանակներում հանձնվել է ոստիկանությանը», - «Ազատություն» ռադիոկայանին երեկ պատմեց Արծվիկ Մինասյանը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը «Ազատություն» ռադիոկայանին կատարվածի մասին փոխանցեց հետեւյալը. - «Նիստը սկսվեց, դատավորը կարգադրեց, որպեսզի բոլոր լրատվամիջոցները անջատեն իրենց տեսախցիկները եւ ձայնագրություններ չկատարեն, իսկ Գոհար Վեզիրյանը չկատարեց դատարանի կարգադրությունը... Դատավորի կարգադրությանը, որպեսզի նա ոտքի կանգնի, ոտքի չկանգնեց` ասելով «դուք ով եք, որ ես պիտի ոտքի կանգնեմ», ու սկսեց արդեն վիրավորել դատարանին... Մենք ուժ ենք գործադրել օրենքի սահմաններում, որովհետեւ Գոհար Վեզիրյանը ինքնակամ չէր լքում դատարանի դահլիճը, եւ դատավորը, դատարանը հրահանգեց, որպեսզի մենք նրան դուրս հանենք»:

Իսկ արդյո՞ք դատական բաց նիստի նախագահը ազատ է արգելելու լրատվամիջոցներին ձայնագրություններ, տեսագրություններ եւ լուսանկարում կատարել: Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությամբ` Քրեական դատավարության օրենսգրքով դատարանին նման իրավասություններ տրված չեն:

Դատավոր Գագիկ Ավետիսյանի խոսքով, նման որոշում կայացնելու համար ինքը հիմք է ընդունել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի երկրորդ մասը, որում ասված է. - «Դատավճիռը հայտարարվում է հրապարակայնորեն, սակայն մամուլի ներկայացուցիչներին եւ հանրությանը կարող է թույլ չտրվել ներկա լինելու ամբողջ դատաքննությանը կամ նրա մի մասին՝ բարոյականության, հասարակական կարգի կամ ժողովրդական հասարակության մեջ պետական անվտանգության նկատառումներով, եթե դա պահանջվում է անչափահասների շահերի կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանվածության համար, կամ այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, խիստ անհրաժեշտ է առանձնահատուկ հանգամանքների դեպքում, երբ հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը»:

«Նա առաջնորդվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, որը նույնպես նրան չի տալիս նման հնարավորություն», - կարծիք հայտնեց Զարուհի Փոստանջյանը: - «Այսինքն` դատավորը կայացրել է որոշում, որը ակնհայտորեն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG