Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայերի մեջ օլիմպիական արյուն կա»


«Հայաստանը սպորտային երկիր է: Նաեւ անվանի հայ մարզիկների ու հայկական սպորտի հաղթական էջերի շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկիրը հայտնի է աշխարհում», - ասել է նախագահ Սերժ Սարգսյանը չինական «Սինխուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Հայաստանը մարզական բավականին հարուստ հետագիծ է թողել համաշխարհային սպորտի, օլիմպիական շարժման կենսագրության մեջ: Հայոց միջնադարյան արքաներից մեկը` Վարազդատ թագավորը, ըստ պատմական աղբյուրների, 4-րդ դարում դարձել է ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն: Արդեն մեր օրերում շատ հայ մարզիկներ են իրենց անունն անմահացրել Օլիմպիական խաղերի հաղթողների ու ռեկորդակիրների մատյանում: Այնպես որ, հայերի մեջ օլիմպիական արյուն կա», - ընդգծել է նախագահը:

«Այսօր, Հայաստանում եւս բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Պեկին: Ընդունում եմ Օլիմպիական հայտնի կարգախոսը, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ մարզիկ Օլիմպիական մայրաքաղաք է մեկնել լավ արդյունքներ ցույց տալու եւ հնարավորության դեպքում նաեւ օլիմպիական մեդալներ նվաճելու համար: Պեկին եմ մեկնում բարձր տրամադրությամբ, լինելու եմ մեր մարզիկների կողքին եւ քաջալերելու եմ նրանց», - ասել է Սերժ Սարգսյանը հարցազրույցում, որի տեքստը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:

Սպորտի եւ քաղաքականության կապին առնչվող հարցին Հայաստանի նախագահը, մասնավորապես, պատասխանել է. - «Համաշխարհային պատմությունը տարբեր հաջողված էջեր ունի, երբ սպորտը նպաստում է երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորմանը, բարեկամության հաստատմանը: Հիշենք թեկուզ, թե ինչպիսի մեծ դերակատարություն ունեցավ սեղանի թենիսի մրցաշարը Չինաստանում, այսպես կոչված «պինգ-պոնգի դիվանագիտությունը» 1970-ականների առաջին կեսին չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործում»:

Հայ - չինական հարաբերությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Չինաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ամուր իրավական հիմքեր ունի, որը ներառում է ստորագրված ավելի քան 40 միջպետական եւ միջկառավարական համաձայնագիր: Քաղաքական հարթությունում մեր հարաբերությունները բնորոշվում են որեւէ հիմնախնդրի բացակայությամբ, տարածաշրջանային եւ միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ համընկնող կամ մոտ տեսակետների առկայությամբ»:

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք տարածաշրջանում Չինաստանի ներկայության ընդլայնման գործում, ինչը, անկասկած, դրական ներգործություն կունենա հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար: Մենք ողջունում ենք վերջին տարիներին Չինաստանի արձանագրած հաջողությունները եւ ձեռքբերումները միջազգային ասպարեզում: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Չինաստանն առաջատար դերակատարում ունի համաշխարհային քաղաքականության մեջ: Չինաստանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է, եւ մենք զգում ենք Չինաստանի անկողմնակալ եւ հավասարակշռված դիրքորոշումը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային նշանակության շատ հարցերի վերաբերյալ», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը այսօր ներկա է լինելու Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ` արարողությանը ակնկալվում է մոտ 100 երկրների ղեկավարների եւ թագավորական ընտանիքների անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար աշխարհի առաջատար ներկայացուցիչների ներկայությունը: Հանդիսությանը Պեկինում կհետեւեն, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Ռուսաստանի վարչապետ եւ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը, Ճապոնիայի վարչապետ Յաշուո Ֆուկուդան, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բակը, Դանիայի, Մոնակոյի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Թաիլանդի, Նորվեգիայի, Նիդերլանդների թագավորական ընտանիքների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG