Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը մտադիր է հավասար պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների համար


Ադրբեջանի ամբողջ տարածքում երեկվանից հանվում են Իլհամ Ալիեւի մեծադիր դիմանկարներն ու նրան պատկերող պաստառները: Տեղական իշխանություններին համապատասխան հանձնարարություն է տվել ինքը` երկրի նախագահը:

Կառավարության օգոստոսի 5-ի ընդլայնված նիստում Ալիեւը հայտարարել է, թե միշտ բացասաբար է վերաբերվել այդ երեւույթին, երբեք չի ցանկացել Բաքվի եւ երկրի մյուս բնակավայրերի կենտրոնական փողոցներում, հրապարակներում տեսնել իր նկարները:

Սակայն դրանք հանելու անհրաժեշտությունը Ադրբեջանի նախագահը տեսնում է հատկապես հիմա` նախընտրական շրջանում, հիմնավորելով, որ բոլոր թեկնածուները պետք է հավասար պայմաններում մրցեն, եւ իր պաստառները չպետք է գերակշռեն:

«Քարոզարշավի ընթացքում պետք է ապահովվի հավասար իրավունքների սկզբունքը: Ես կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին, իսկ պետական լրատվամիջոցներից պահանջում եմ` որեւէ թեկնածուի համար չապահովել արտոնյալ պայմաններ», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 15-ին: Գործող նախագահի թեկնածությունն առաջադրել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: Առաջադրվելու հայտ ներկայացրածների թիվը արդեն գերազանցում է մեկ տասնյակը:

Եվ չնայած բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու մասին նախագահի հավաստիացումներին` ընդդիմադիր կուսակցությունների «Ազադլիգ» դաշինքը հրաժարվել է մասնակցել այս ընտրություններին, հիմնավորելով, որ Ադրբեջանում անհնար է խոսել ժողովրդավարական ընտրությունների մասին: Ընդդիմադիրների պնդմամբ` արդեն իսկ պարզ է, որ նախագահի ընտրությունը վերածվելու է «հերթական քաղաքական կեղծիքի»:

«Ազադլիգ» դաշինքի ղեկավարները երեկ հայտարարել են, որ նախագահական ընտրությունների ժամանակ բողոքի հանրահավաքներ են անցկացնելու` նույնիսկ եթե իշխանությունները չարտոնեն դրանք:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG