Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ն արձանագրում է. - «Արդեն երկու օր է, ինչ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատավարությունը լուսաբանող լրագրողներն աշխատում են արտակարգ պայմաններում: Օգոստոսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճից դատավոր Գագիկ Ավետիսյանի հրահանգով դատական կարգադրիչները դուրս էին բերել եւ մեկուսացրել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին, որն ավելի ուշ տեղափոխվել էր ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ երեկ նույն դատավորի հրահանգով կարգադրիչները, ձեռքերը ոլորելով ու քաշքշելով, նիստերի դահլիճից դուրս բերեցին «Չորրորդ իշխանության» թղթակից Գոհար Վեզիրյանին»:

«Դատական սպեցօպերացիա» ընդգծված մակագրության ներքո «Չորրորդ իշխանություն»-ը լուսանկարներ է տպագրել, թե ինչպես են դատական կարգադրիչները դատարանի դահլիճից դուրս տանում լրագրող Գոհար Վեզիրյանին: Թերթը գրում է. - «Դատավոր Գագիկ Ավետիսյանը կայացրել է ապօրինի որոշումներ, որոնք կանխամտածված ուղղված են եղել թերթերի դեմ: Գագիկ Ավետիսյանը պաշտոնեական լիազորությունների սահմաններն անցնելով` ոտնձգություն է կատարել արդարադատության իրականացման դեմ, եւ իր հանցավոր հրահանգներով մեր թղթակիցները պարբերաբար զրկվում են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հնարավորությունից… Մենք պահանջում ենք քրեական պատասխանատվության ենթարկել թե’ Գագիկ Ավետիսյանին, թե’ լրագրողների աշխատանքը խոչընդոտած մյուս մեղավոր անձանց»:

«Հայք»-ը շարունակում է. - «Դատարանում տեղի ունեցած այս դրվագը ապացուցում է, թե որքան ողորմելի է մեր դատական համակարգը, իսկ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է մի փոքր նպաստել Հայաստանի ժողովրդավարացմանը եւ դատական համակարգի կայացմանը, ապա հենց այսօր քայլեր պետք է իրականացնի Գագիկ Ավետիսյանից դատավորի փիլոնը վերցնելու համար, իսկ նրանք, ովքեր հարվածել են, քաշքշել են լրագրողին, պետք է առնվազն ազատվեն աշխատանքից: Հակառակ դեպքում մենք կարող ենք եւս մեկ անգամ արձանագրել, որ իրականում Սերժ Սարգսյանի նպատակը ոչ թե Հայաստանի ժողովրդավարացումն է, այլ բռնապետական համակարգի ամրապնդումը` դրանից բխող բոլոր դառը հետեւանքներով»:

«Դատախազության մասին նոր օրենքով քրեական դատավարության առանցքն ու հենասյունը համարվում է դատախազը», - ասել է Աղվան Հովսեփյանը երեկվա կոլեգիայի նիստում», - մեջբերում է «Հրապարակ»-ը` իր կողմից հավելելով. - «Բռնապետություններում դատախազը ոչ միայն դատավարության, այլ ողջ երկրի առանցքն է»:

«Առավոտ»-ի խմբագրի հայացքով` «հայրենասիրական ընդդիմության» գլխավոր առաքելությունը ոչ թե իշխանություններին ընդդիմախոսելն է, այլ Տեր-Պետրոսյանին փնովելը. - «Իշխանությունները հանդուրժում են եւ «տոն են տալիս» անգամ սպանված վարչապետի հասցեին հայհոյանքներին, միայն թե նույն հեղինակը կենտրոնանա առաջին նախագահի եւ նրա թիմի վերաբերյալ «ոչ տպագիր» արտահայտությունների վրա: Նորմալ կլիներ, եթե այդ բոլոր քննադատությունները անդրադառնային Տեր-Պետրոսյանի ներկայիս քաղաքական գործունեությանը: Բայց խնդիրն այն է, որ հարձակման հիմնական թիրախն է մեր պետության պատմությունը 1990-1998 թվականներին… Եթե խոսքը անցած-գնացած պատմական շրջանի մասին է, ապա լավը պետք է գերակշռի: Այդպես են ստեղծվում պետական մշակույթն ու ավանդույթը»:

Նույն թերթի հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասում է. - «Երբ նպատակ են դնում քանդել պետությունը, առաջ են քաշում ազատության գաղափարը: Եթե հաջողում են` հաջորդ թիրախը լինում է ազատությունը: Հիմա Հայաստանում հենց այդ վիճակն է: Այսինքն` ազատության կարգախոսների ներքո տարվում է պետությունը քանդելու քաղաքականություն: Մենք, սա տեսնելով, բնականաբար, համագործակցում ենք այն ուժերի հետ, որոնք այս պետությունը պահելու, պահպանելու եւ ամրապնդելու կողմնակից են իրենց հռչակել»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ Հանրապետական կուսակցությունը, որի նախագահն է Սերժ Սարգսյանը, վարչության նիստ է արել եւ որոշել է պաշտպանել մի շարք գործող թաղապետերի թեկնածությունները` Մհեր Սեդրակյան, Գագիկ Բեգլարյան, Դավիթ Պետրոսյան, Արայիկ Քոթանջյան, Մհեր Հովհաննիսյան… Այս անունները սերտորեն առնչվում են թաքուն ու բացահայտ հանցագործությունների, ընտրություններ կեղծելու, ալան-թալանի, պաշտոնը չարաշահելու հետ: Եթե նորմալ ընտրություն լինի, սրանցից ոչ մեկին ժողովուրդը կամավոր ձայն չի տալու… Փաստորեն Հանրապետականն ու իր նախագահը կարմիր կովի նման իրենց կաշին փոխելու մտադրություն չունեն. ինչպես պաշտպանել են ժողովրդի կողմից մերժված անձանց, «տապոռով» ընտրություններ արել եւ կիսագրագետ փողատերերին նստեցրել ընտրովի աթոռներին, այնպես էլ շարունակում են անել: Ո’չ ժամանակը, ո’չ դեպքերը, ո’չ հասարակական պահանջը նրանց վրա փաստորեն ազդեցություն չունի»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով տոնավաճառներում հսկիչ դրամարկղային մեքենաներ տեղադրելու որոշմանը, նկատում է. - «Օրեցօր նվազող արդյունաբերությամբ մեր երկրում, ըստ պաշտոնական վիճակագրության, առեւտրի ծավալները աճում են երկնիշ տեմպերով: Արտասահմանից ստացված փոխանցումների մի զգալի մասը ծախսվում է արտասահմանից ներկրված հագուստեղեն ու կոշկեղեն գնելու վրա: Ու հիմա կառավարությունը, օրինակ, արդյունաբերության հաշվին բյուջեն լցնելու հեռանկար չունենալով, փորձում է մինչեւ վերջին կոպեկը քամել «դախլչիներից»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG