Մատչելիության հղումներ

logo-print

Բժշկական հետազոտության են ենթարկվել նաեւ Հակոբ Հակոբյանը եւ Սասուն Միքայելյանը


«Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալներ, «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ՝ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը եւ Մյասնիկ Մալխասյանը վերջին օրերին պարբերաբար ահազանգել են իրենց առողջական վիճակի վերաբերյալ», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի տարածած հաղորդագրությունում:

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կազմակերպել է պատգամավորների բժշկական հետազոտությունը՝ քաղաքացիական բուժհաստատություններում: Հակոբ Հակոբյանը օգոստոսի 6-ին բժշկական հետազոտման է ենթարկվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, հանձնել է անալիզներ, որոնց արդյունքները պարզ կլինեն 7 օրից:

Նույն օրը Սասուն Միքայելյանը բժշկական հետազոտման է ենթարկվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ հետազոտվել է նրա սրտի աշխատանքը, ինչը գնահատվել է բավարար:

Հակոբ Հակոբյանը եւ Սասուն Միքայելյանը վերադարձվել են «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում երեկ բժշկական հետազոտման է ենթարկվել նաեւ Մյասնիկ Մալխասյանը, որի ժամանակ անհրաժեշտություն է առաջացել առավել մասնագիտացված եւ խորացված հետազոտության՝ կապված շաքարային դիաբետի հետ: Մալխասյանը ներկայումս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, եւ հանձնարարվել է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ ապահովել նրա պահպանությունը՝ բժշկական կենտրոնում հետազոտման ենթարկվելու օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG