Մատչելիության հղումներ

Պեկինի Օլիմպիադայում Հայաստանը կներկայացնեն 25 մարզիկներ 7 մարզաձեւերից


Օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային 29-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի 25 մարզիկ 7 մարզաձեւերից` հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, ձյուդո, հրաձգություն, լող եւ թեթեւ ատլետիկա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ նախորդ` Աթենքի Օլիմպիական խաղերին հայաստանցի մարզիկների թիվը 18 էր:

«Անցած Օլիմպիական խաղերին մենք ունեինք 6 ըմբիշներ` այսօր ունենք 9 ըմբիշ, անցած Օլիմպիական խաղերին ունեինք մեկ բռնցքամարտիկ` այսօր ունենք 4 բռնցքամարտիկ, ունեինք մեկ ձյուդոիստ` այսօր ունենք 2 ձյուդոիստ, ունեինք 5 ծանրամարտիկ` ունենք 6 ծանրամարտիկ. բոլոր մարզաձեւերից մենք ավելացում ունենք», - փոխանցեց Արմեն Գրիգորյանը:

Նախարարը ձեռնպահ մնաց հայտնելուց, թե հատկապես որ մարզաձեւերում է Հայաստանի թիմը մեդալների սպասում. - «Մենք ունեցել ենք Եվրոպայի չեմպիոններ, մենք ունեցել ենք աշխարհի առաջնության մրցանակակիրներ: Այս դեպքում, երբ արդեն վերանայում ես տվյալները, մենք ունենք բավական լուրջ հավակնություն Օլիմպիական խաղերում մեդալներ ձեռք բերելու համար»:

Այլ երկրների թիմերում հանդես եկող հայ մարզիկներին վերաբերող հարցին Արմեն Գրիգորյանը պատասխանեց. - «Այո, մենք ունենք շատ հայրենակիցներ, որոնք աշխարհի տարբեր ծայրերում մասնակցում են տարբեր դրոշների ներքո եւ ձեռք են բերում տարբեր մեդալներ: Սակայն գոյություն ունի սպորտում ուղղակի նման կարգ: Մենք հիմա նույնպես մեր հավաքականում` Հայաստանի դրոշի ներքո ունենք ռուս մարզիկներ, որոնք վաղուց ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն»:

Օլիմպիադայում հաջողության հասնելու դեպքում հայաստանցի մարզիկներին սպասող ֆինանսական խրախուսման վերաբերյալ նախարարը հայտնեց, որ կառավարության որոշմամբ` առաջին տեղը նվաճած մարզիկը կստանա 20 միլիոն դրամ, երկրորդ տեղը` 15 միլիոն, եւ երրորդ տեղը` 10 միլիոն դրամ: Բացի այդ, կան նաեւ պարգեւատրումներ Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից` մասնավորապես, կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ առաջին տեղը գրաված մարզիկը կպարգեւատրվի 700 հազար դոլարի սահմաններում:

«Այնպես որ, եթե մարզիկը ունենա ոսկե մեդալ Օլիմպիական խաղերում, ապա մոտ մեկ միլիոն դոլարի պարգեւատրում կունենա», - ընդգծեց Արմեն Գրիգորյանը:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG