Մատչելիության հղումներ

Խուզարկություն` Արման Բաբաջանյանին տույժի ենթարկելու նպատակո՞վ


«Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել, որ շաբաթ օրը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի սենյակ են մտել դիմակավորված անձինք եւ խուզարկություն կատարել:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «խուզարկության նպատակն է եղել Արման Բաբաջանյանի նկատմամբ կիրառել պատժամիջոց, այսինքն` ենթարկել նրան տույժի, որպեսզի նա հնարավորություն չունենա պայմանական վաղաժամկետ ազատվել»:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի` խուզարկությամբ Բաբաջանյանի սենյակից հայտնաբերվել է պատառաքաղ եւ «եւս մեկ այլ կենցաղային արգելված իր». - «Արման Բաբաջանյանը պատճառաբանել է, որ նա տեղյակ չէ նման իրերից, եւ այդ իրերը իրեն չեն պատկանում, եւ, հետեւաբար, հնարավոր է նաեւ, որ այդ իրերը դրված լինեն հենց այդ անձանց կողմից, ովքեր իրականացրել են այդ խուզարկությունը»:

Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ` դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցերով անկախ հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման դեմ Բաբաջանյանի բողոքով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 27-ին նշանակված դատական նիստից առաջ կատարված այս խուզարկությունը եւս վկայում է, որ նպատակ է հետապնդվել խոչընդոտել «Ժամանակ Երեւան»-ի խմբագրի վաղաժամկետ ազատ արձակման հարցի քննարկմանը:

Օրենքով դատապարտյալին վաղաժամկետ ազատ են արձակում, եթե նա խախտումներ չի կատարել, տույժի չի ենթարկվել: Տույժը կարող է մարվել միայն 6 ամիս հետո, իսկ տույժի ենթարկված դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկը չի կարող միջնորդություն ներկայացնել անկախ հանձնաժողովին:

Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ` «այս պարագայում տույժի ենթարկելու որոշումը եւս պետք է բողոքարկվի դատական կարգով եւ ուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այն նաեւ կկցվի այն գործին, որը արդեն այս պահին այնտեղ գոյություն ունի»:

Արման Բաբաջանյանին այցելել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Տեղի ունեցածի մասին Բաբաջանյանը գրելու է նաեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:

Արման Բաբաջանյանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, եւ վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով նրա երեք դիմումները մերժվել են դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցերով անկախ հանձնաժողովի կողմից, վերջինը` հուլիսի 18-ին:

Այդ հանձնաժողովի բոլոր անդամները նշանակված են հանրապետության նախագահի հրամանագրով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG