Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսախոսների թիվը Հայաստանում ԱՊՀ-ի մյուս երկրների համեմատ ամենահամեստն է


Ռուսախոսների թիվը Հայաստանում ԱՊՀ-ի մյուս երկրների համեմատ ամենահամեստն է: Այդ են վկայում օգոստոսի սկզբին Gallup հետազոտական կենտրոնի հրապարակած հարցման արդյունքները:

Gallup-ի մասնագետները հետազոտության մասնակիցներին հարցաթերթիկներ են առաջարկել տվյալ երկրի պետական լեզվով եւ ռուսերեն: Հայաստանում ռուսերեն հարցաթերթիկներից գերադասել է օգտվել ուսումնասիրության մասնակիցների միայն 3 տոկոսը, Վրաստանում այդ ցուցանիշը մոտ 8 տոկոս է:

Հարավային Կովկասում ռուսախոսների թվով տասնամյակներ շարունակ առաջատարը համարվող Ադրբեջանում այս ցուցանիշը վերջին 15 տարիներին նվազել է` հասնելով 6 տոկոսի: «Ադրբեջանի բնակիչների ճնշող մեծամասնությունը այսօր թե’ կենցաղում եւ թե’ աշխատավայրում գերադասում է օգտագործել մայրենի լեզուն», - արձանագրում են հետազոտության հեղինակները:

ԱՊՀ-ի տարածքում, սակայն, կան պետություններ, որտեղ ռուսերենը դեռ պահպանում է առաջատար դիրքերը. ռուսերենը մայրենի լեզու է համարում Բելառուսի բնակչության ավելի քան 92, ուկրաինացիների 83 եւ Ղազախստանի բնակչության 68 տոկոսը:

Բայց թեեւ ԱՊՀ-ի տարածքում մարդիկ միմյանց հետ շփվում են, հիմնականում, մայրենի լեզվով, ռուսերենի նկատմամբ հետաքրքրությունը, ըստ Gallup-ի սոցիոլոգների, աճում է: Բացառություն չեն նաեւ այն պետությունները, որոնք պաշտոնական Մոսկվայի հետ այնքան էլ ջերմ հարաբերություններ չունեն: Այսպես, Վրաստանի բնակչության 64 տոկոսը համոզված է, որ վրաց երեխաների համար ռուսերենի իմացությունը խիստ կարեւոր է. 2006 թվականին նման տեսակետի էր հակված Վրաստանի բնակչության 43 տոկոսը միայն:

Մոլդովայում բնակչության մոտ 39 տոկոսն է համոզված, որ ռուսերենի իմացությունը շատ կարեւոր է:

Հայաստանում այս ցուցանիշը գրեթե անփոփոխ է մնում. 2006 թվականին ռուսերենի իմացությունը խիստ կարեւոր գործոն էր համարել հայաստանցիների 73, 2007-ի տարեվերջին` 75 տոկոսը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG