Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը «Ստվերն անմահ է» վերնագրի ներքո գրում է. - «Հարկային պետական ծառայության` վերջերս հրապարակած խոշոր հարկատուների ցանկը, ինչպես նկատել էինք, պետք է սենսացիոն լիներ Հայաստանում ստվերային տնտեսության դեմ սկսված հերթական պայքարի ֆոնին: Այս ցանկով իշխանությունը պետք է ցույց տար, որ իր այդ պայքարը ջախջախել է ստվերային տնտեսությունն այնպես, որ վերջինս էլ երբեք ոտքի չի կանգնի: Ընդ որում, այդ պայքարը եղել է համատարած, ու իշխանությունն ամենեւին էլ հաշվի չի առել ծանոթ-բարեկամ հանգամանքը, պայքարել է ստվերային տնտեսության բոլոր, անխտիր բոլոր մասնակիցների դեմ»: «Այդպե՞ս է դա արդյոք», - հարցնում է թերթը եւ պատասխանում. - «Իհարկե, այդպես չէ եւ չի էլ կարող լինել: Առաջինը, որ աչքի է զարնում այս ցանկից, շինարարական ձեռնարկությունների, մեղմ ասած, թույլ մասնակցությունն է բյուջեի կազմավորմանը: Ըստ պաշտոնական վիճակագրության, հենց շինարարության հաշվին է ապահովվում մեր երկրի համախառն ներքին արդյունքի աճը, որը հենց կոչվում է տնտեսական աճ: Այլ կերպ ասած, մեր տնտեսությունը հիմնականում աճում է շինարարության հաշվին, բայց այդ բիզնեսից բյուջեն շատ քիչ օգուտներ է ստանում»:

«Դաշնակցականները կամ ԱԺՄ-ականները գտնում են, որ երբ 90-ական թվականներին իրենք էին հեղափոխություն անում Տեր-Պետրոսյանի դեմ, դա ճիշտ էր, անհրաժեշտ էր, քանի որ իրենք մարմնավորում էին բոլոր առաքինություններն ու մարդկության լավագույն ձգտումները, եւ, հետեւաբար, իրենց գործն արդար էր: Բայց հիմա, երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են հեղափոխություն անում իրենց դեմ, նույն մարդիկ (օրինակ, արտգործնախարարի նորաթուխ տեղակալ Շավարշ
Քոչարյանը կամ նախկինում կախաղանների կոչ անող նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը) վստահ են, որ հեղափոխությունն անընդունելի է, վտանգավոր է, ծառայում է դրսի մութ ուժերին», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը` նույնը ասելով նաեւ հակառակ կողմից. - «Առաջին նախագահի կողմնակիցները համոզված են, որ 90-ականներին իրենց դեմ կազմակերպված հեղափոխական շարժումը մի խումբ «աբիժնիկների» արկածախնդրություն էր, իսկ ահա իրենց այսօրվա հեղափոխությունը մաքուր է եւ զուլալ, ու միտված է ազգի փրկությանը»:

Անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը, «Առավոտ»-ում անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից մեկին, թե «հատուկ միջոցները հին էին, եւ երեք զոհ ունեցանք», ասում է. - «Ի՞նչ է նշանակում, թե հատուկ միջոցը հին էր, եւ մարդիկ զոհվեցին… Դա նույնն է, թե վիրաբույժն ասի, որ իր լանցետը ժանգոտ էր, եւ հիվանդը մահացավ»: Պաշտոնաթող գնդապետը նշում է. - «Չերյոմուխան ընդամենը արցունքաբեր գազ է, որը գցվում է մարդու ոտքերի տակ, եւ նրա կիրառությունը գազ արձակելն է, ո՞նց կարող է այդ գազի կիրառումը ռիկաշետով կպնել մարդկանց դեմքին: Այդ հեքիաթներին ո՞նց կարելի է հավատալ: Ո՞նց պատահեց, որ այդ ռիկաշետը կպավ բոլոր երեք զոհերի հենց գլխին»:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը «Հրապարակ»-ի հարցազրույցում նշում է. - «Կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրելու եւ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ հարցերը լուծվում են շաբլոնային բնույթով. բոլոր դատավորներն անխտիր բավարարում են Հատուկ քննչական ծառայության միջնորդությունները: Իրենց բացարձակ չի հետաքրքրում, որ գոյություն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին քիչ թե շատ ծանոթ մարդուն առաջին հայացքից պարզ կդառնա, որ դատավորները պատրանքներ են ստեղծում, որ ղեկավարվում են օրենքով: Կարծում եմ, որ այս գործողությունները խիստ կդատապարտվեն Եվրոպական դատարանում եւ ցավալի է, որ մեր դատավորները խաղում են մեր երկրի, մեր պետության վարկանիշի հետ»:

«Կոնգրեսը դառնում է 5-րդ զորասյուն»` վերնագրված է «Հայոց Աշխարհ»-ում, որի մեկնաբանի կարծիքով, «Հայ ազգային կոնգրեսը կարող է ծառայել իբրեւ իշխանության վրա ճնշման, իսկ հաջողության դեպքում՝ նաեւ նրան փոխարինելու հարմար գործիք՝ որոշակի արտաքին ուժերի ձեռքում»: «Հայ ազգային կոնգրեսի հռչակագրային պատրաստակամությունը… իրականում շղարշ է քողարկելու համար երկրին սպասող դժվարություններից օգտվելու եւ իշխանությանը տիրանալու նպատակը» - քողազերծում է «Հայոց Աշխարհ»-ը` ընդգծելով. - «Հայաստանի Հանրապետությունը առաջիկայում եւս ստիպված է լինելու պաշտպանել իրեն՝ արտաքին մարտահրավերների պայմաններում պետության ներսում երկրորդ պետության գործառույթներ իրականացնելու այս անսքող հավակնություններից… Այլընտրանքային իշխանություն դառնալու հավակնություններ դրսեւորող ուժը դիտվելու է որպես երկիրը պառակտող եւ արտաքին ճնշումներն իշխանության դեմ ուղղորդող «հինգերորդ զորասյուն»՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»։

«Հայք»-ը, անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե ընդդիմության հանրահավաքները, երթերը, միջազգային դատարաններ դիմումները արվում են «երկրի հեղինակությունը սասանելու ու թուլացնելու համար», հակադարձում է. - «Այս պրիմիտիվ մտածողության հեղինակները չեն ցանկանում կամ չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանի դիրքերը թուլանում են ոչ թե խաղաղ երթերից ու հանրահավաքներից, այլ կեղծված ընտրություններից հետո»:

«Չորրորդ իշխանություն»-ը ներկայացնում է «Վրեմյա նովոստեյ» ռուսաստանյան թերթից մի հրապարակում, որում քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն ասում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը ուժեղ առաջնորդ է, իսկ իրավիճակը, որում գտնվում է Սերժ Սարգսյանը բարդանում է: Նա չի կարող մարտի 1-ի իրադարձությունները ամբողջությամբ վերագրել Ռոբերտ Քոչարյանին եւ զգալի չափով կախված է վերջինիս ռեսուրսներից: Դրությունը լրջանում է նաեւ ապրանքների թանկացումով, ինչից Սերժ Սարգսյանի հեղինակությունը չի աճի: Դմիտրի Մեդվեդեւի հուլիսյան այցը Բաքու եւ դրան հետեւած Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին համատեղ հայտարարությունը օգտակար չէին Երեւանի եւ Մոսկվայի դաշնակցային կապերին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG