Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին Ազատության հրապարակում եղել են մոտ 600 իրավապահներ


Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի երեկվա նիստում Հայաստանի փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը հայտնեց, որ մարտի 1-ի վաղ առավոտյան տեղազննություն կատարելու համար ձեւավորվել էր մոտ 600 հոգանոց խումբ:

«Ընդհանուր առմամբ, մոտ 600 հոգի ներգրավված ուժեր ենք ունեցել», - ասաց Աֆյանը` մանրամասնելով - «113-ը օպերատիվ խումբն է եղել, մնացածը եղել են հասարակական կարգի ապահովման ոստիկաններ»:

Անմիջապես հրապարակում գործողություններին մասնակցել են 120-130 աշխատակից: Աֆյանի խոսքով, այդ ժամանակ Ազատության հրապարակում եղել է 800-900 ցուցարար:

Նա հայտնեց, որ փետրվարի 29-ին ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայությունները օպերատիվ տեղեկատվություն էին ստացել, թե Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր, մահակներ եւ մետաղական ձողեր են բաժանվելու:

Հանձնաժողովի անդամներից Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ խմբակցություն) հարցին, թե ով է ղեկավարել մարտի 1-ի օպերացիան, ով է հրաման տվել օպերատիվ խմբին, Աֆյանը արձագանքեց. - «Այդ միջադեպից հետո հրամանը տվել եմ ես... հասարակական կարգը ապահովելու համար, առավոտյան դեպքերի հետ կապված»:

Նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իսկ իրեն ով է տվել հրամանը, փոխոստիկանապետը տվեց հետեւյալ պատասխանը. - «Օպերատիվ շտաբում նշանակված եմ եղել, որ հասարակական կարգը ես պիտի ապահովեմ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG