Մատչելիության հղումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` հարկային վարչարարության բարելավման հարցերի վերաբերյալ, որին մասնակցել են Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) անդամները, առավել խոշոր առեւտրի իրականացման վայրերի կազմակերպիչներ:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵՎԲԱԽ-ի կողմից հաստատված առեւտրի իրականացման վայրերում (տոնավաճառներում) հարկային վարչարարության բարելավմանն ուղղված մոտեցումներն ու միջոցառումները, որոնք արժանացել են երկրի նախագահի հավանությանը: Ըստ այդմ` տոնավաճառների կազմակերպիչները պարտավոր են մինչեւ օգոստոսի 15-ը վերանայել առեւտրային կետերի հետ պայմանագրերը` արտացոլելով առեւտրային տարածքի իրական մակերեսը, այն տրամադրել հարկային մարմիններին, ինչպես նաեւ սկսել նախապատրաստական աշխատանքները` մինչեւ հոկտեմբերի 1-ը ապահովելու համար տոնավաճառներում ՀԴՄ-ների (հաշվիչ դրամարկղային մեքենաների) միջեւ համակարգչային ցանցի ստեղծումը:

Վարչապետի խոսքով, ստվերային տնտեսության մեծ մասը պայմանավորված է հենց այս ոլորտով. - «Սա համար մեկ պրեբլեմն է պետականության կայացման: Եթե Հայաստանի Հանրապետության առեւտրի 80 տոկոսը շրջանցում է հարկային դաշտը, սա լրջագույն պրեբլեմ է»:

Այս առիթով Տիգրան Սարգսյանը ասաց, որ բարձրակարգ խանութներն էլ ստիպված օգտվում են տոնավաճառներից. - «Բավականին մեծ հեղինակություն ունեցող խանութները նույնպես ստիպված են օգտվել տոնավաճառների ծառայություններից` այն պարզ պատճառով, որ նրանք մրցակցային դաշտում կորցնում են իրենց հարաբերական առավելությունը»:

Այսուհետ տոնավաճառները, վարչապետի խոսքով, դիտարկվում են «որպես լիցենզավորման ենթակա գործունեություն», «կազմակերպիչները պետք է լինեն մեր գործընկերները եւ հարկային գործակալներ», «հսկիչ դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումը լինելու է տոնավաճառների պարտականությունը». - «Հաշվետվություններն ամենօրյա կտրվածքով պետք է հանձնվեն հարկային մարմիններին, ավելացված արժեքի հարկը պետք է վճարվի ամենօրյա կտրվածքով: Էապես խստացվելու են պատժամիջոցները ՀԴՄ կիրառման խախտումների նկատմամբ»:

«Հանրապետության նախագահի դիրքորոշումը չափազանց պարզ է եւ հասկանալի, որ որեւէ մեկը չպետք է խուսափի հարկերի վճարումից», - հայտարարեց վարչապետը:


Աննա Սաղաբալյ ան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG