Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Իլքեր Բաշբուղը


Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Իլքեր Բաշբուղը նշանակվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Նոր պաշտոնը Բաշբուղը կստանձնի օգոստոսի 30-ին՝ գլխավոր շտաբի ներկայիս պետ գեներալ 3աշար Բույուքանըթի թոշակի անցնելու օրը:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` մեկնաբանները ենթադրում են, որ Բաշբուղը կփորձի խուսափել «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության հետ բացահայտ առճակատումից, ինչը չի հաջողվել Բույուքանըթին:

Այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում Թուրքիայի համար դժվարին ժամանակաշրջանում, երբ դեռ բոլորի ուշադրության կենտրոնում են Սահմանադրական դատարանում իշխող կուսակցությունը փակելու հայցով դատավարությունը եւ հեղաշրջման մեղադրանքով կատարված բազմաթիվ ձերբակալությունները:

Թուրքիայում ներքաղաքական վիճակը սրվել է, երբ բարդ ու երկարատեւ բանավեճի մեջ են ներքաշվել, մի կողմից, բանակի եւ դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները, եւ մյուս կողմից՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը մեղադրվում է գաղտնի իսլամական օրակարգ հետապնդելու մեջ: Կուսակցությունը Սահմանադրական դատարանում ձայների չնչին տարբերությամբ փրկվեց օրենքից դուրս հայտարարվելուց:

«Ի տարբերություն շուտ բռնկվող Բույուքանըթի` Բաշբուղը հայտնի է որպես ամեն ինչ հաշվարկող, սթափ անձնավորություն, ուստի նրա նշանակմամբ բանակի եւ քաղաքացիական հասարակության միջեւ ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող հակասությունների հավանականությունը կնվազի», - ասել է Eurasia Group վերլուծական կենտրոնի աշխատակից Ֆոլֆգանգո Պիկոլին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG