Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Առաջին էջում «Հայկական ժամանակ»-ը տպագրել է մահակներով հարձակվող սեւազգեստ մի խումբ մարդկանց լուսանկար, որի տակ գրված է. - «Վերջին հինգ ամիսներին բազմիցս հայտարարություններ են եղել այն մասին, որ մարտի 1-ի առավոտյան` ժամը 6-ն անց կեսի սահմաններում Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների վրա հարձակված անձինք ոստիկաններ չեն եղել: Ավելին` նրանց հագուստները միանման սեւ են եղել եւ որեւէ տարբերանշան չեն ունեցել»: «Վերը բերված լուսանկարն արվել է մարտի 1-ի առավոտյան ժամը 6-ն անց կեսի սահմաններում Ազատություն հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա – Թումանյան խաչմերուկ տանող արահետում», - կոնկրետացնում է թերթը: - «Նկարում պատկերված սեւազգեստ գրոհայինները հրապարակում մարդկանց ջարդելուց հետո սկսել են նրանց հետապնդել, իսկ ոստիկանները կողքից հետեւել են այդ ամենին` «ձեռի հետ էլ» բռնելով փախչող քաղաքացիներին»:

«Հրապարակ»-ի խմբագրականում նշված է. - «Ինչքան ավելի ակնհայտ է դառնում մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քաղաքական ենթատեքստը, ինչքան ավելի են բացահայտվում նախաքննական մարմնի կատարած ապօրինություններն ու անգրագիտությունները, այնքան ավելի հարձակողական ու ինքնավստահ են դառնում իրավապահները, որոնք, թվում է, պետք է մեղքի զգացում ունենային եւ գոնե լռեին… Երեկ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ընդունել է ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին եւ հոխորտացել նրանց վրա` իբր մենք զօրուգիշեր տանջվում ենք, բացահայտում ենք հասարակական անդորրը խախտող հանցագործներին, իսկ դուք ոչ միայն չեք աջակցում մեզ, այլեւ ձեր երկիմաստ քաղաքական հայտարարություններով խորացնում եք հասարակական բեւեռացումը` լրացուցիչ դժվարություններ հարուցելով նախաքննական մարմնի համար»:

«Հայոց Աշխարհ»-ը, վերլուծելով օգոստոսի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, նշում է. - «Ելույթից կողմնակի անձը տպավորություն կստանար, որ Հայաստանի Հանրապետության պատմությունը սկսվում է մարտի 1-ով եւ ավարտվելու է հաջորդ մարտի 1-ին: Ուստի գժանոցի վերածված այս երկրում առավոտից մինչեւ երեկո բոլորը պարտավոր են խոսել մարտի 1-ի մասին: Իսկ եթե որեւէ մեկը հրաժարվում է դրանից, ապա անպայման պետք է պահանջել նրա հրաժարականը»:

«Հինգ ամսից ավելի է, ինչ ընթանում է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նախաքննությունը, սակայն, կարելի է ասել, որ սայլը տեղից չի շարժվել: Այսինքն` տեղի ունեցածի համար պատասխանատու ոչ մի անձ դատարանի առջեւ չի կանգնել», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը` անդրադառնալով նաեւ դատավարություններին. - «Արդեն 4 ամիս է, ընթանում են մարտի 1-ի գործով դատավարությունները, սակայն դատարանի դահլիճում մեղադրյալի աթոռին նստած են քաղաքական գործիչներ եւ անհատ քաղաքացիներ, որոնք ոչ միայն տեղի ունեցածի համար մեղավոր չեն, այլ ավելին` նրանք լիարժեք կարող են համարվել տուժածներ»:

«Նոր քաղաքական դաշտի ձեւավորման անհրաժեշտությունը». այսպիսի վերնագրով հրապարակման մեջ «Հայոց Աշխարհ»-ը նշում է. - «Երկրի որոշ չափով հանդարտված ներքաղաքական կացությունը արհեստականորեն սրելով՝ Սրտասբուրգին նյութեր մատակարարելու արմատականների փորձերը ոչ այլ ինչ են, եթե ոչ մեր երկրի վրա ներազդելու համար անհրաժեշտ նորանոր լծակների ձեւավորում»։ «Հետեւաբար նման գործելակերպը ոչ մի կապ չունի Հայաստանում առկա ժողովրդավարության մակարդակի եւ կոնկրետ, ամենքիս հայտնի թերությունների, սխալների, բացթողումների հաղթահարման խնդրի հետ», - գտնում է մեկնաբանը, ըստ որի. - «Սեփական երկրի դեմ գործող լեւոնականները սկսել են աստիճանաբար իրենց դուրս դնել քաղաքական դաշտից… Անհրաժեշտ է այսօրվանից մտածել մի այնպիսի նոր քաղաքական դաշտի ձեւավորման մասին, որի իշխանամետ եւ ընդդիմադիր հատվածները՝ անկախ իրենց համոզմունքներից եւ միմյանց միջեւ ծավալվող պայքարի սրությունից, ոչ թե ձեւականորեն, այլ իրենց գործելակերպով Հայաստանը կհամարեն սուվերեն պետություն»։

Արձագանքելով Շավարշ Քոչարյանին փոխարտգործնախարար նշանակելու ՀՀ նախագահի հրամանագրին` «Հայք»-ը գրում է. - «Ստացվում է, որ Սարգսյանը մեր արտաքին քաղաքականության ոլորտներից մեկը վստահել է մեկին, ով երկար ժամանակ պարզապես խաբել է ՀՀ քաղաքացիներին` ընդդիմություն խաղալով եւ համագործակցելով վարչախմբի հետ: Հիմա վարչախումբը վարձահատույց է լինում ընտրությունից առաջ հեռուստաաստղ դարձած Շավարշ Քոչարյանին»: «Չորրորդ իշխանություն»-ն էլ, իր հերթին, լրացնում է. - «Վերջապես նրա «տիտանական աշխատանքը» գնահատվեց: Հիմա նա փոխնախարար է, եւ ի պաշտոնե այլ երկրների դիվանագետներին պիտի բացատրի, թե որքան վատն է ընդդիմությունը եւ ժողովրդավարության ինչպիսի լուսատու է Սերժ Սարգսյանը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG