Մատչելիության հղումներ

Նախիջեւանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիները վերադարձան հայրենիք


Այսօր կեսօրին հայ - ադրբեջանական սահմանի Երասխավան - Սադարակ սահմանահատվածում իրականացվեց Հայաստանի քաղաքացիներ Վանիկ Զմբոյանի, Արտյոմ Զոհրաբյանի, Կարեն Թորոսյանի եւ Աղասի Ենոքյանի հանձնումը Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին:

Զմբոյանը, Զոհրաբյանը, Թորոսյանը եւ Ենոքյանը այն 13 հոգուց բաղկացած խմբից են, որը, Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, այս տարվա ապրիլին Խաչիկ գյուղում տեղակայված զինավանում քաշքշուկ էր ստեղծել` զինծառայող ընկերոջ դիրքերը զորամասում ամրապնդելու նպատակով: Տվյալ զորամասի գումարտակի հրամանատարի նախազգուշական կրակոցից խուճապահար` նրանք դիմել էին փախուստի եւ հայտնվել Նախիջեւանի տարածքում: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Ադրբեջանական կողմը ի սկզբանե լուրեր էր տարածել, թե չորս երիտասարդները Հայաստանից Ադրբեջան անցած դիվերսիոն խմբի անդամներ են:

Չորս երիտասարդների վերադարձը հնարավոր է դարձել Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի եւ դրան կից աշխատանքային խմբի ջանքերով, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի աջակցությամբ:

Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս անգամ ադրբեջանական կողմը զգուշացրել էր, թե սահմանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների կամ նույնիսկ լրագրողների նկատելու դեպքում երիտասարդներին չի վերադարձնի:

Զինվորական հոսպիտալ տեղափոխված չորս երիտասարդները «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ իրենց վիճակը տվյալ պահի դրությամբ նորմալ է: Նրանց վկայությամբ` գերության մեջ գտնվելու առաջին մեկ շաբաթը իրենց ծեծի են ենթարկել, դրանից հետո դադարեցրել են ծեծը: Պահել են զորամասում, սնունդը նորմալ է եղել: Որոշ ժամանակ անց հարցաքննել են. հարցաքննությունը եւս տեւել է մեկ շաբաթ: Երիտասարդներին առաջարկվել էր տեղափոխվել որեւէ երրորդ երկիր` Իրան, Թուրքիա, կամ մնալ Ադրբեջանում:

Հայաստան վերադարձված երիտասարդների հետագա ճակատագիրը կորոշի զինվորական դատախազությունը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG