Մատչելիության հղումներ

Վրաց - օսական հակամարտության գոտում լարվածության աճի համար Ռուսաստանը մեղադրում է Վրաստանին


Պաշտոնական Մոսկվան անչափ մտահոգված է վրաց - օսական հակամարտության գոտում լարվածության աճով եւ այն համարում է վրացական կողմից ուժի անհարկի կիրառման հետեւանք: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը` երեկ երեկոյան հեռախոսազրույց ունենալով իր վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ:

Հարյուրավոր կանայք եւ երեխաներ ավտոբուսներով Հարավային Օսիայից մեկնում են Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Հյուսիսային Օսիա: Ուրբաթ երեկոյան եւ շաբաթ առավոտյան տեղի ունեցած բախումներում սպանվել է 6 եւ վիրավորվել առնվազն 15 մարդ: Մեկնաբանները չեն բացառում մարտական լայնածավալ գործողությունների հնարավորությունը:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային Օսիայի անջատողական վարչակազմը հայտարարել է, որ Վրաստանի բանակը հրետակոծել է մայրաքաղաք Ցխինվալին: Վրացիները պնդում են, թե ընդամենը պատասխան կրակ են բացել:
«Թբիլիսին պարտավոր է գիտակցել բռնության ճանապարհով ընթացող այս զարգացումների վտանգը եւ անհապաղ ձեռնարկել արդյունավետ քայլեր, որոնք թույլ կտան կանխել ճգնաժամի հետագա խորացումը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը:

Գրիգորի Կարասինը հեռախոսով զրուցել է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հետ: Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ` «Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ-ը Վրաստանի վրա ազդեցություն կգործի վրաց - օսական հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու հարցում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` Ֆրիդը շեշտել է, որ հակամարտությունը անհրաժեշտ է կարգավորել բացառապես խաղաղ եղանակով:

Պաշտոնական Թբիլիսին տարիներ շարունակ Մոսկվային մեղադրում է 90-ական թվականների կեսերից անջատողական Աբխազիային եւ Հարավային Օսիային սատարելու եւ այդ շրջանները փաստացիորեն բռնազավթելու մեջ: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով բոլոր միջոցներով պաշտպանել այդ շրջաններում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին:

Լրատվական գործակալությունները նշում են, որ անցած մեկեւկես տասնամյակի ընթացքում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչության զգալի մասը Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG