Մատչելիության հղումներ

Սենատը հաստատեց Մարի Յովանովիչին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում


Ամերիկյան Սենատը անցած շաբաթավերջին հաստատել է Մարի Յովանովիչի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` նույն նիստի ժամանակ Սենատը հավանություն է տվել նաեւ Ֆիլիպ Ռիքերի նշանակմանը Մակեդոնիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածությունը նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը առաջադրել էր մարտին:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Յովանովիչի հաստատման հարցով լսումները կայացել էին հունիսի 19-ին: 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ մի շարք սենատորների, այդ թվում` Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբամայի եւ Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցերին ի պատասխան, դիվանագետը օգտագործել էր, մասնավորապես, հայերեն «Մեծ եղեռն» տերմինը, սակայն խուսափել էր «Հայոց ցեղասպանություն» տերմինը գործածելուց:

Այդուհանդերձ, անցած շաբաթվա սկզբին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Յովանովիչի թեկնածությանը:

2006 թվականին դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելուց ի վեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի լիազորությունները կատարում են ժամանակավոր հավատարմատարները:

Ամերիկահայ շրջանակների եւ ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ` Էվանսը պաշտոնանկ է արվել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:

Սենատոր Մենենդեսը ժամանակին երկու անգամ արգելափակել էր նախագահ Ջորջ Բուշի առաջարկած նախկին թեկնածուի` Ռիչարդ Հոգլանդի հաստատումը, քանի որ Հոգլանդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մերժողական դիրքորոշում էր որդեգրել: Ի վերջո, անցած տարվա օգոստոսին Սպիտակ տունը պաշտոնապես հետ կանչեց Հոգլանդի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG