Մատչելիության հղումներ

Անցած գիշեր 90 տարեկանում սրտի սուր անբավարարությունից վախճանվել է ռուս հայտնի գրող, հրապարակախոս, պատմաբան եւ հասարակական գործիչ, «ԳՈՒԼԱԳ արխիպելագ» ստեղծագործության հեղինակ Ալեքսանդր Սոլժենիցինը:

Նախկին այլախոհը տասնամյակներ շարունակ պայքարել է կոմունիստական հասարակարգի դեմ: 1970 թվականին Սոլժենիցինը արժանացել է Նոբելյան մրցանակի: 1974 թվականին նրան հարկադրաբար վտարել են Խորհրդային Միությունից` Արեւմուտքում «ԳՈՒԼԱԳ արխիպելագ» գրքի առաջին հատորը հրապարակելու համար, եւ միայն 20 տարի անց` 1994 թվականին, հանրահայտ գրողը վերադարձել է հայրենիք:

«Մահացել է մեծ մարդ: Մի մարդ, որը իրենից ներկայացնում էր ազգի խիղճը, բարոյականությունը, նրա հոգեւոր պատմությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց թարգմանիչ, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը, ով 1994-95 թվականներին հայ ընթերցողի սեղանին է դրել Ալեքսանդր Սոլժենիցինի «ԳՈՒԼԱԳ արխիպելագ»-ը: - «Ռուս իրականության համար նման նահապետներ շատ են եղել` Սոլժենիցինը նրանցից վերջիններից էր»:

Արձակագիր Լեւոն Խեչոյանի ձեւակերպմամբ` «ինչպես խավարում կրակն է վառվում, ու բոլոր գիշերաթիթեռները թռչում են դեպի կրակը, ինչքան էլ իմանում են, որ դա վառվում է, դա այրվում է, դա վտանգավոր է, բայց գիշերաթիթեռը այդ խավարի հակակշիռ է ստեղծում, նույնը Սոլժենիցինն էր մեզ համար բռնապետության տարիներին»:

«Նրա վեպերը մենք բոլորս գաղտնի կարդում էինք, այդ բոլոր վեպերը տարբեր ճանապարհներով հասնում էին մեզ, եւ թե’ նախկին գրածները եւ թե’ հետագայի` մի մեծ դպրոց է, որը անպայման ազդեցություն ունեցավ մեր գրականության վրա», - ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: - «Սոլժենիցինը ռուսական արձակի վերջին դասականն էր: Նրա ավանդույթները շարունակողներ կան, բայց` ոչ այդ ուժով եւ այդ մեծությամբ»:

Արձակագիր Վահրամ Մարտիրոսյանն էլ Սոլժենիցինի դերը անգնահատելի է համարում «ե’ւ որպես խորհրդային բռնատիրության դեմ պայքարի առաջամարտիկի, ե’ւ ստալինյան սոսկալի ճամբարների տարեգրի»: «Այս օրերին այդ դերը ոչ պակաս է, քան խորհրդային տարիներին, քանի որ բոլորովին վերջերս անցկացված մի զանգվածային հարցման արդյունքներով` Ռուսաստանի անուն ճանաչվեց Իոսիֆ Ստալինը: Իհարկե, պարադոքսալ կերպով, Սոլժենիցինը իր համբավով պարտական է նույն այդ բռնատիրությանը, որի պայմաններում էր միայն, որ բանաստեղծն ավելին է, քան սոսկ բանաստեղծ», - ընդգծեց արձակագիրը:

Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան կապակցությամբ այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձում, որը տրամադրել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի ժողովուրդը խոր վշտով տեղեկացավ մեծանուն գրողի եւ հումանիստի, մարդ-դարաշրջանի, մարդ-ուղենիշի` Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան մասին: Սա ողջ մարդկության կորուստն է: Սոլժենիցինի կյանքի ճանապարհի, նրա անձնական ողբերգությունների, փորձությունների եւ ստեղծագործության եզակի միահյուսումը դարձավ մարդկային կամքի, ուժի եւ հավատի խորհրդանիշ»:

Սոլժենիցինի հարազատներին եւ մերձավորներին ցավակցել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:


Կարինե Քալանթարյան եւ Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG