Մատչելիության հղումներ

Ցխինվալիի բնակչությունը տարհանվո՞ւմ է


Ռուսաստանյան եւ արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Հարավային Օսիայի իշխանությունները երեկվանից մայրաքաղաք Ցխինվալիից եւ հարակից բնակավայրերից կանանց, երեխաներին եւ տարեցներին տարհանում են եւ տեղափոխում անվտանգ շրջաններ: Դա Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հիմք է տվել ահազանգելու, որ պաշտոնական Ցխինվալին պատրաստվում է ռազմական գործողությունների:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվությունը, փոխանցում է, որ 19 ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ երեկ հատել են Ռուսաստանի սահմանը եւ Հյուսիսային Օսիա տեղափոխել 1000-ից ավելի մարդու, որոնց մեծ մասը երեխաներ են:

Սակայն Հարավային Օսիայի իշխանությունները մարդկանց տեղափոխումը չեն համարում տարհանում` հայտարարելով, թե նրանք տեղափոխվում են տարբեր պատճառներով եւ շուտով վերադառնալու են:

Իրավիճակը սրվեց շաբաթ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո, ինչի հետեւանքով 6 մարդ է զոհվել եւ 20-ից ավելի մարդ` վիրավորվել: Սա 2004 թվականից ի վեր վրաց - օսական հակամարտության գոտում ամենալուրջ միջադեպն էր, ինչում կողմերը մեղադրում են միմյանց:

Հարավային Օսիայի իշխանությունները, շեշտելով, որ վրացական կողմից տուժածներ չկան, պնդում են, թե Ցխինվալիի վրա կրակ են բացել վրացական ուժերը:

Վրացական կողմը հակառակն է պնդում: «Սա անջատողականների կողմից Վրաստանը զինված հակամարտության ներքաշելու հերթական փորձն է», - հայտարարել է Վրաստանի անջատողական տարածաշրջանների վերաինտեգրման հարցերով նախարար Թեմուր Յակոբաշվիլին:

Վրաստանի իշխանությունները համոզմունք են հայտնում, որ բնակչության տարհանման մասին լուրեր տարածելով` օսական կողմը ձգտում է զոհի կեցվածք ընդունել միջազգային հանրության աչքում:

Վրաց - օսական հակամարտության գոտում իրավիճակի սրման առիթով ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել` հայտարարելով, որ միջազգային հանրությունը «աճող անհանգստությամբ է հետեւում իրավիճակին»:
Ռուսաստանի արտգործնախարարությունը իր հայտարարությունում իրավիճակը գնահատել է որպես ծայրահեղ լարված:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG