Մատչելիության հղումներ

logo-print

Էդուարդ Շարմազանով. «Առաջընթացը նախագահ Սարգսյանի կառավարման 100 օրերի ընթացքում Հայաստանում ակնհայտ է»


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կայքէջը տեղադրել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հոդվածը նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին 100 օրվա կապակցությամբ: Ներկայացնում ենք հոդվածը ամբողջությամբ:

Վճռական պետական գործչի` հույս ներշնչող քաղաքականություն: Մի քանի բառով այսպես կարելի է գնահատել նախագահ Սերժ Սարգսյանի հարյուրօրյա կառավարումը:

Թեեւ 100 օրը դեռեւս բավարար ժամանակ չէ, որպեսզի լուծվեն պետության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները: Կան խնդիրներ, որոնք երկարաժամկետ եւ հետեւողական աշխատանք են պահանջում: Բայց 100 օրը բավարար է, որպեսզի թե’ քաղաքական էլիտան, թե’ հասարակությունը գիտակցեն, թե ինչ ուղիներ կան Հայաստանի զարգացման համար:

100 օրվա ընթացքում նախագահ Սարգսյանի աշխատաոճը ցույց տվեց այդ ուղիները: Առաջին, որ ներքին քաղաքականության մեջ պետք է
բաց աշխատել, պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, նախագահը ոչ միայն հրապարակային ելույթներում, նաեւ իր եւ իր թիմի աշխատանքով փորձում է երկրում աստիճանաբար ստեղծել վստահության եւ արդարության մթնոլորտ: Եվ, վերջապես, Հայաստանում ժողովրդավարությունը այլընտրանք պետք է չունենա:

Իր երդմնակալության արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եկել է աշխատելու ժամանակը: Քայլերը այս դեպքերից հետո վճռական էին: Երթերի, ցույցերի, հանրահավաքների մասին օրենքում փոփոխություններ կատարվեց, ստեղծվեց մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով, հեռուստաալիքներում բավական հաճախ սկսեցին հայտնվել ընդդիմադիր գործիչներ, հարկային, մաքսային մարմինները սկսեցին ավելի բաց աշխատել:

Այս ամենը իմիտացիա չէ: Հայաստանի իշխանությունները որեւէ մեկին ինչ-որ բան ցույց տալու նպատակ չեն հետապնդում: 100 օրը ցույց տվեց, որ իշխանությունները բոլորից լավ են տեսնում այն պրոբլեմները, որ կան մեր երկրում, որոնք դժգոհության պատճառ են: Երկրի ղեկավարությունը ունի բավարար քաղաքական կամք` իրականացնելու ռադիկալ փոփոխություններ` զարգացած եւ ժողովրդավար Հայաստան կերտելու համար: Հայ հասարակությունը դուրս է եկել հետընտրական շրջանից, եւ ծրագրային աշխատանք է պետք ոչ թե իշխանության, այլ նաեւ ընդդիմության կողմից: Մեզ պետք է ուժեղ Հայաստան, այլ ոչ թե ուժեղ ցնցումներ:

Կարեւորում եմ նաեւ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ում քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է դատապարտվեն: Նա իրավապահ մարմիններին կոչը արեց անաչառ լինել եւ բացահայտել քրեական հանցագործներին: Նրանց, ովքեր մեղմ հանցանք են գործել, պատժաչափով չհավասարեցնել լուրջ հանցագործների հետ: Այն, որ այս ընթացքում շատերը ազատ արձակվեցին, շատերի խափանման միջոցն էլ փոփոխվեց, խոսում է այն մասին, որ հանրապետության նախագահը չի գնում քաղաքական ռեպրեսիաների ճանապարհով, այլ գիտակցում է ժողովրդավարության անհրաժեշտությունը:

Արտաքին քաղաքականության մեջ հավատարիմ մնալով իր նախընտրական ծրագրին` նախագահ Սարգսյանը ապացուցեց, որ իր խոսքն ու գործը չեն տարբերվում իրարից: Սերժ Սարգսյանը արձագանքող քաղաքականությունից, որը շատ դեպքերում Հայաստանն իրականացնում էր վերջին տարիներին, անցավ նախաձեռնող քաղաքականության: Դրա վառ ապացույցը վերջերս հայկական ամենամեծ սփյուռքահայ գաղութում նրա հնչեցրած` Թուրքիայի նախագահին ուղղված Հայաստան հրավերի կոչն էր: Այսինքն` ՀՀ-ը պատրաստակամ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել հարեւան Անկարայի հետ: Սարգսյանի քաղաքական հասունությունը թույլ տվեց նրան գիտակցել, որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն. Բեռլինյան պատը վաղուց քանդվել է Եվրոպայում: Իսկ նոր պատերի գոյությունից պետությունները չեն շահի:

Շատերը ժողովրդավարացման այս քայլերը որակում են որպես Եվրոպային դուր գալու ժեստ, քանի որ կան 1609, 1620 հայտնի բանաձեւերը: Բայց պետք է նշեմ, որ ՀՀ իշխանությունների նպատակն է նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագիրը իրականացնելով` հասնել երկրի զարգացմանը:

Մեկ կարեւոր հանգամանք եւս. նույնիսկ ամենաժողովրդավար պետություններին երկար ժամանակ է պետք մեջքը շտկելու համար այնպիսի ողբերգական իրադարձություններից հետո, ինչպիսիք մարտի 1-ին տեղի ունեցան ՀՀ-ում:

Կոնկրետ ինձ համար ուրախալի կլինի, որ ծայրահեղ ընդդիմության ներկայացուցիչները որոշեն մտնել կառուցողական դաշտ, համագործակցեն եւ երկխոսության գնան, բայց ոչ թե իմիտացիա անեն: Նման վարքագիծ առայժմ չեմ տեսնում: Դրա ապացույցն է որեւէ ներկայացուցիչ չունենալը մարտի 1-ի հանձնաժողովում, խորհրդարանական ընդդիմության բոյկոտը այս հանձնաժողովի աշխատանքներին, նաեւ այն, որ մենք առաջարկեցինք «Ժառանգության»-ը գլխավորել հանձնաժողովներից մեկը, հրաժարվեցին եւ այլն: Ժողովրդավարությունն ու առաջընթացը միայն իշխանության միջոցով չի գալու, մի ձեռքը ծափ չի տա: Բայց ժողովրդավարությունը պետք է իր դիրքերը հաստատի օրենքի դաշտում, Սահմանադրությունը հարգելու ճանապարհով:

Յուրաքանչյուր երկրում Սահմանադրությամբ միաժամանակ
ամրագրվում է ե'ւ մարդու հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ե'ւ հասարակական կարգի պահպանումը: Այսինքն` այնտեղ, որտեղ ավարտվում է մեկի ազատությունը, սկսվում է մեկ ուրիշի իրավունքը: Այստեղ անելիք ունեն հասարակության բոլոր անդամները:

Պատահական չէ, որ նախագահը կոչ է անում երկխոսություն սկսել իշխանության եւ հասարակության միջեւ:

Այս ընթացքում, իհարկե մերժողականները իրենց սեւ գործը շարունակում են: Բավական չփաստարկված լուրերի վրա հիմնված տեղեկատվություն է տարածվում, գնահատականներ են տրվում իշխանությունների գործունեությանը, ինչը մեր իրավիճակում պարզապես անթույլատրելի է: Բայց մարդիկ շարունակում են իրենց ոճը, ավելին, մեր եվրոպացի գործընկերներին, որոնք հայտարարում են Հայաստանում նկատվող շոշափելի առաջընթացի մասին, անվանում են բյուրոկրատներ: Նման գործելակերպը մեզ դեռեւս նախընտրական շրջանից է ծանոթ, ինչը շարունակվեց հետընտրական փուլում, նաեւ այսօր է շարունակվում:

Մինչդեռ առաջընթացը նախագահ Սարգսյանի կառավարման 100 օրերի ընթացքում Հայաստանում ակնհայտ է:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG