Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե հաշվի առնենք, որ երեկվա բազմահազարանոց հանրահավաքը կայացավ, չնայած արդեն մշտական դարձած խոչընդոտներին, որ ստեղծել էին իշխանությունները` գործի դնելով ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը, ապա կարելի է հստակ արձանագրել. Համաժողովրդական շարժումը նոր թափ է առել, պայքարը մտել է նոր փուլ, եւ այն կանգնեցնել այլեւս հնարավոր չէ», - գրում է «Հայկական ժամանակ»-ը` շեշտադրելով. - «Նոր փուլի սկիզբը հանդիսացավ Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին հռչակագրի ստորագրումը: Նոր փուլը նշանակավորվեց նաեւ նրանով, որ ՀՀ առաջին նախագահը հանրահավաքի մասնակիցների անունից պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը` հայտարարելով, որ սրանից հետո Շարժման հիմնական պահանջը դա է»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Չնայած ամառվա տապին, արձակուրդային սեզոնին, շատ մարդկանց բացակայությանը երկրից ու մայրաքաղաքից, հանրահավաքը ոչ միայն կայացավ, այլեւ նախորդներից առանձնապես չէր տարբերվում մասնակիցների թվով: Համենայն դեպս, ոմանց կարծիքով, այս հանրահավաքն անգամ գերազանցում էր նախորդին: Իսկ դա նշանակում է, որ շարժումը չի մարել, մարդիկ մեկ ամիս ընդհատումներով կազմակերպվող հանրահավաքներին սպասում են եւ ոգեւորությամբ մասնակցում: Պատրաստ են ժամերով կանգնել Մատենադարանի մերձակայքում եւ լսել նույն անձանց նախորդ հանրահավաքներից գրեթե չտարբերվող ելույթները եւ պահանջները, ծափահարել եւ բղավել, ոգեւորվել ու հուզվել: Սա հանրության հավաքական ուժի եւ կամքի ֆենոմեն է: Այս ֆենոմենը կարող է ինչպես ավերել, այնպես էլ կառուցել»:

«Չորրորդ իշխանություն»-ը պատկերում է. - «Նպատակները հայտարարված են, կառույցը ստեղծված է: Ժողովրդի կամքն ու վճռականությունը ոչ միայն կա, այլեւ անցել է ռազմաոստիկանական եւ դատաիրավական տեռորի փորձությունների միջով: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը»: Առաջիկայի մասին էլ թերթը ընդգծում է. - «Քաղաքական պայքարի բարձրակետը, անշուշտ, լինելու է սեպտեմբերին: Ռեժիմն ի վիճակի չէ այս ամենի դեմն առնել: Միայն մի բան է մնում` մեկ ամսվա ընթացքում արթուն պահել պայքարի ոգին եւ ապացուցել, որ մարտի 1-ի վերքերը չեն սպիանում, եւ հանցագործներին պատժելու վճռականությունը չի վախենում ժամանակից… Հանցանքներ կան, որոնք վաղեմության ժամկետ չունեն»:

«Թեեւ բազմիցս նշվում էր, որ շոգն ու տապը չեն խանգարի ընդդիմութանն իր պայքարը շարունակելու, սակայն օգոստոսն իր կիզիչ արեւով կարծես հարմար չեկավ պայքարի ժամանակահատվածին», - մատուցում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը` շարունակելով. - «Չնայած նշվեց, որ հենց հանրահավաքի օրվանից է շրջադարձը սկսվելու, սակայն գործողությունները տեղափոխվեցին սեպտեմբեր: Իսկ որպեսզի մինչեւ սեպտեմբեր պայքարի ոգին չմարի եւ պահանջատեր ընդդիմության ներկայությունը շոշափելի լինի, «սեւ գործը» նորից դրվեց նստացույց անողների վրա. այս կիզիչ տապին եւս հինգ շաբաթ էլ պիտի նստեն»:

«Առավոտ»-ի խմբագիրը ձեւակերպում է. - «Ընդդիմությունը աթոռ չէ, վկայական չէ, գավազան չէ՝ դա զուտ քաղաքական կատեգորիա է, որի հիմքում ընկած է հասարակական վստահությունը… Ոչ մի քարոզիչ, ոչ մի մեկնաբան, ոչ մի քաղաքական գործիչ չի կարող որեւէ մեկի համար դուրս գրել «ընդդիմության առաջնորդի» աուսվայսը: Դա անձնագիր չէ, որը ոմանք կեղծում են՝ նախագահ դառնալու համար… Այսօր իրենց կարգավիճակից դժգոհ քաղաքացիները վստահում են Հայ ազգային կոնգրեսին, որը հռչակվեց երեկվա հանրահավաքում եւ միավորում է 16 ընդդիմադիր կուսակցություն: Որքանո՞վ արդյունավետ կլինի այդ քաղաքական կառույցը եւ արժե՞ր արդյոք այն ստեղծել՝ ցույց կտա ժամանակը, բայց այս պահին դա լուրջ քաղաքական գործոն է»:

Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Արմեն Աշոտյանը «Հայոց Աշխարհ»-ում մեկնաբանում է. - «Ընդդիմադիր ուժերի այն հատվածը, որը միավորված է Լեւոն Տեր-Պետրոսյանը շուրջը, առավելապես առաջնորդվում է ոչ թե բովանդակությամբ, այլ ձեւով եւ տրվում է արտաքին էֆեկտներին, բովանդակային-արժեքային մոտեցումներ չկան: Չիրականացավ նոր լիբերալ հզոր քաղաքական ուժ ունենալու ակնկալիքը: Ամենամեծ անհաջողությունը կարելի է համարել «Ժառանգություն» կուսակցության որոշումը Հայ ազգային կոնգրեսին փաստացիորեն չմիանալու մասին»:

«Ինչպե՞ս եք գնահատում շարժման այսօրվա վիճակը». «Ժամանակ Երեւան»-ի այս հարցին կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանը պատասխանում է. - «Լավ: Ավելին` հրաշալի: Ժողովուրդը չկոտրվեց մարտի 1-2-ի ջարդից հետո, ժողովուրդը չկոտրվեց քաղաքական ամենատարբեր հետապնդումներից, ձերբակալություններից հետո: Սա նշանակում է, որ շարժումը իսկապես համաժողովրդական է եւ այն իր շարունակության մեջ է` մինչեւ իր տրամաբանական ավարտը»: Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին էլ նա ասում է. - «Միակ ուժն է կամ գաղափարը, որի համատեքստում ձեւավորվեց իրական ընդդիմություն: Այդպիսով ընդդիմությունը վերջնականապես կհզորանա եւ կդառնա այն ընդդիմությունը, որից կծնվի նոր իշխանությունը»:

«Գոլոս Արմենիի»-ն այսօր ամփոփել է ընդդիմության 100 օրը. - «Ընդդիմությունը չկարողացավ ապացուցել, որ ինքը մի քիչ ավելի լավն է, քան իշխանությունը: Ընդհակառակը. ընդդիմությունը մեղադրում է, որ իշխանությունը օրենքը չի հարգում, բայց ինքը այդպիսի հարգանք չի ցուցաբերում, երբ կազմակերպում է չարտոնված զանգվածային միջոցառումներ: Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, որ չեն ցանկանում օբյեկտիվ հետաքննել մարտի 1-2-ի իրադարձությունները, բայց, չմասնակցելով այդ փաստերն ուսումնասիրող խորհրդարանի հանձնաժողովի աշխատանքներին, անընդհատ փորձելով վարկաբեկել այդ հանձնաժողովը, չի նպաստում գործի հանգամանքների արագ եւ օբյեկտիվ բացահայտմանը: Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, որ կոռուպցիայի դեմ պայքարի քայլերը միայն ցուցադրական քայլեր են եւ պոպուլիզմ, իսկ ինքը ակցիաներ է կազմակերպում, որտեղ բացի պոպուլիզմից ոչ մի իմաստ չկա»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Օգոստոսի 7-ից 18-ը Հայաստանին սպասվում է անիշխանական շրջան: Ոչ, խոսքը իշխանափոխության մասին չէ: Բանն այն է, որ երկրի առաջին դեմքերը մի մեծ խմբով որոշել են «կայֆավատ լինել» Չինաստանում: Օլիմպիադան դիտելու են մեկնում նախագահ Սերժ Սարգսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, բնականաբար` Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը»: «Դե հավանաբար երկրի ներքին ու արտաքին բոլոր խնդիրները լուծված են, բոլոր անելիքները` արված, ամեն ինչ սահուն գնում է իր հունով: Երկիրը բարգավաճում է, ժողովուրդը գոհ է ու երջանիկ, եւ տաժանակիր աշխատանքից հոգնած իշխանավորներին ոչինչ չի մնում անել, քան մեկնել վաստակած հանգստի», - հեգնում է «Հրապարակ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG