Մատչելիության հղումներ

Վրաստանի օմբուդսմենը եւ նախագահի խորհրդականը այցելում են Ջավախք


Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին եւ Վրաստանի նախագահի ինտեգրման հարցերով խորհրդական Թամար Կանցուրիշվիլին այսօր այցելում են Ջավախք` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Այցի առիթը, «Նովոստի-Գրուզիա» գործակալության փոխանցմամբ, Ախալքալակում վերջերս առկա լարվածությունն է` կապված հուլիսի 17-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի եւ դրան հաջորդած` երկու հայազգի ոստիկանների սպանությունների հետ:

Սոզար Սուբարին եւ Թամար Կանցուրիշվիլին Ջավախքում հանդիպելու են տեղական իշխանությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հուլիսի 24-ին Սոզար Սուբարիի հետ հեռախոսազրույցում մտահոգություն էր հայտնել Ջավախքում ստեղծված իրավիճակի առիթով:

Վրաց օմբուդսմենը, Արմեն Հարությունյանին հայտնելով Ջավախք մեկնելու իր ծրագրերի մասին, խոստացել էր տեղյակ պահել այցի արդյունքների, ինչպես նաեւ իր կողմից ձեռնարկվելիք գործողությունների մասին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG