Մատչելիության հղումներ

Երեւանի վարչական դատարանը այսօր մերժեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ Հայաստանի նախագահի, որով Ջհանգիրյանը պահանջում էր անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի երկու հրամանագրերը իրեն աշխատանքից ազատելու եւ դասային աստիճանից զրկելու մասին:

Դատարանը անհիմն համարեց Գագիկ Ջհանգիրյանի պնդումները, թե իրեն աշխատանքից ազատել եւ դասային աստիճանից զրկել են Սահմանադրության եւ օրենքի կոպիտ խախտումներով: Ըստ դատավոր Արծրուն Միրզոյանի` Ջհանգիրյանին դասային աստիճանից զրկելու համար հիմք է հանդիսացել Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետը, որտեղ նշված է, որ հանրապետության նախագահը շնորհում է բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ: Դատարանը գտնում է, որ «տվյալ պարագայում «շնորհել» եզրույթը իրենում ներառում է ինչպես կոչումը տալու, այնպես էլ նրանից զրկելու իրավազորություն»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով դատարանի վճիռը` Ջհանգիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, մասնավորապես, ասաց. - «Որոշումը այնքան անգրագետ է, որ նույնիսկ իրավական գնահատական տալ դրան անհնար է: Սակայն մի երկրում եթե Հայաստանի նախագահի ներկայացուցիչ` աշխատակազմի ղեկավարը նման պատասխան է գրում, որ, ըստ էության, նշանակում է` նախագահը ամենազոր է, այդ երկրի դատավորներն էլ նման վճիռներ պետք է կայացնեն»:

«Մենք պատրաստվում ենք դիմել նաեւ Վճռաբեկ դատարան` չնայած, իհարկե, համոզված ենք, որ Վճռաբեկ դատարանում եւս որեւէ արդարադատություն չի իրականացվի, եւ վստահ ենք նույնիսկ, որ մեր բողոքը չի ընդունվի վարույթ, սակայն մենք մեր պետական ատյանները սպառելու խնդիր ունենք: Անպայման սպառելու ենք մեր պետական ատյանները, որպեսզի դիմենք Եվրոպական դատարան», - փոխանցեց Լուսինե Սահակյանը:

Գագիկ Ջհանգիրյանը, ում նախորդ երկու դատական նիստերին բերել էին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, այսօրվա նիստին չէր մասնակցում:

Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու եւ դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը հաջորդեցին Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին նրա մասնակցությանը եւ ելույթին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG